07 04 2020

Մահափո՞րձ Քոչարյանի նկատմամբ․ Politik.am

Մահափո՞րձ Քոչարյանի նկատմամբ․ Politik.am

Politik.am-ը գրում է. Նոր տիպի կորոնավիրուսային պանդեմիայի այս շրջանը, որքան էլ, գուցե տարօրինակ հնչի, ինչպես աշխարհի կառավարությունների համար, այնպես էլ Հայաստանի կառավարության համար թեստ է նաեւ մարդասիրական եւ դեմոկրատական արժեքներին հավատարմության։

Բանն այն է, որ պանդեմիայի տարածման սպառնալիքի պայմաններում, ռիսկային խմբում են հայտնվել անազատության վայրերում հայտնվածները, որոնց մոտ նախ հիգիենայի կանոնների պահպահման համար կան տեխնիկական խնդիրներ եւ սոցիալական հեռավորության պահպանումը կարծես թե անհնար է։

Այս առնչությամբ, նույնիսկ հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը, կոչ անելով պաշտպանել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում անազատության մեջ գտնվողների իրավունքները։

Արդեն մի շարք երկրներում արձանագրվել են անազատության վայրերում կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սեւակ Թորոդյանի փոխանցմամբ, օրինակ, Ֆրանիայում, նույնիսկ մեկ մահ է գրանցվել։

Բանն այն է, որ բանտերը, սովորաբար հարմարեցված չեն լայնամասշտաբ համաճարակների դիմակայման համար եւ սրանով պայմանավորված, մի շարք երկրներ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում՝ որպես արձագանք Միյատովիչի կոչին, այն էլ կիրառել կալանքի այլընտրանքային բոլոր հնարավոր միջոցները, եւ հաշվի առնել, որ կորոնավիրուսային պանդեմիան արտակարգ իրավիճակ է ստեղծել եւ այս հիմքով պետք է գործի մարդու իրավունքների համապատասխան ստանդարտների համաձայն, ինչպես նշված է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական Կոմիտեի COVID-19 սկզբունքների մասին հայտարարության մեջ, ազատությունից զրկելու այլընտրանքներից օգտվելը հրամայական է գերբնակեցվածության և առավել ևս արտակարգ իրավիճակների դեպքում:

Ֆրանսիան օրինակ որոշում ունի 7000 անազատության մեջ գտնվողների հանդեպ նման այլընտրանքային միջոցներ կիրառել։ Հայաստանում էլ խնդիրն առկա է։ Վարդաշեն ՔԿՀ-ում հինգ դեպք կա կորոնավիրուսով վարակման եւ բազմաթիվ մեկուսացվածներ։ Չունենք երաշխիք, որ գեղեցիկ մի օր մյուս ՔԿՀ-ներում էլ նույնպես դեպքեր չեն արձանագրվի։

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների համար հատկապես կարեւորություն է ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանքի միջոցի փոփոխման հարցը։

Ընդհանուր առմամբ, եվրոպական ստանդարտներով մեծագույն խնդիր կլինի, եթե որեւէ բանտարկյալի որեւէ բան պատահի բանտում, այն էլ պանդեմիայի պայմաններում, կորոնավիրուսի վարակման հիմքով։

Հիշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռ պանդեմիայից առաջ էլ վախեցան առողջական հիմքով խնդիրներից եւ որոշեցին փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը։ Այս ամենը նկատի ունենալով, կարելի է պատկերացնել այն խնդրի լրջությունը, որը կարող է առաջանալ, երբ խնդրահարույց իրավիճակում հայտնվի երկրի նախկին ղեկավարը։ Նման իրավիճակը հղի է գործող իշխանության համար ընդհուպ մինչեւ միջազգային քրեական դատարանի առաջ պատասխանատվության կանչվելով։

Հարցի զուտ իրավական կողմին եթե նայենք, ապա պետք է հստակ հիշել, որ երկրորդ նախագահի պարագայում, գործ ունենք նախնական կալանքում գտնվող անձի հետ, ում հանդեպ դատավճիռ չի կայացվել, եւ ում վրա տարածվում է անմեղության կանխավարկածը եւ այս դեպքում արդեն, կարող են խոսել, որ փորձ է արվում կորոնավիրուսի առիթն օգտագործել եւ այն գործիք ծառայեցնելով վրեժխնդիր լինել մոռանալով մարդկայնություն եւ արդար դատաքննության իրավունք, հանգամանքներ, որոնց հանդեպ չափազանց նրբազգաց են միջազգային կառույցները եւ որոնք պարզ ասած՝ անտեսվում են Հայաստանի գործող իշխանությունների կողմից։

Փաստացիորեն, նախագահ Քոչարյանին պահելով կալանքի մեջ, գործող իշխանությունները շատ վտանգավոր կացության մեջ են հայտնվել, ներառյալ նաեւ իշխանությունների համար այնքան սիրելի դատավոր Աննա Դանիբեկյանը, ով անժամկետ անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, սակայն իշխանությունների համար դա էլ բավարար չէ, որպեսզի գործը այլ դատավորի մակագրվի, այն դեպքում, երբ եվրոպական իրավական եւ դեմոկրատական արժեքները դա են պահանջում։

Ֆրանսիահայ հայտնի փաստաբան Սևակ Թորոսյանը օրերս հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում նշել է, որ եթե իշխանությունները շարունակեն կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին և համավարակի հետևանքով նա առողջական խնդիրներ ունենա, ապա այն կարող է գնագատվել, որպես մահափորձ նրա նկատմամբ։

Առհասարակ, Փաշինյանն ըստ էության չի կարող խոսել դեմոկրատիայից եւ եվրոպականությունից, քանի որ ունի խորը հակասություն Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպայում ազատությունը նորմալն է, անազատությունը բացառությունը, իսկ Փաշինյանի եւ ներկա իշխանությունների համար անազատությունն է նորման եւ ազատությունը բացառությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ