Հենց սկզբից, երբ արտակարգ դրություն հայտարարվեց և սահմանափակվեց տնտեսական որոշ ոլորտների գործունեությունը, մենք տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում պնդում էինք, որ այնտեղ, որտեղ կառավարությունն աշխատանքի արգելք է առաջացրել, պետք է որոշակի փոխհատուցում տա: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Առաջին հերթին ամենատուժածը սպասարկման ոլորտն է, որտեղ ամբողջությամբ կանգնել է աշխատանքը, և այնտեղ զբաղվածություն ունեցող քաղաքացիները, ովքեր որոշ դեպքերում օրավարձով աշխատողներ էին, որոշ դեպքերում՝ նույնիսկ չգրանցված, նրանց միևնույնն է՝ պետք է փոխհատուցում տրվի»:
Պատգամավորի խոսքով, արտակարգ դրությամբ պայմանավորված, կառավարության առաջարկած ծրագրերը թերի են. «Կառավարության հրապարակած փաթեթները լավ ծրագրեր կլինեին, եթե չլիներ արտակարգ դրություն, դրանք միտված էին տնտեսությանը, բիզնեսները, գյուղատնտեսությունը զարգացնելուն և այլն: Բայց այսօր գյուղատնտեսները հենց իրացման խնդիր ունեն: Նրանք չգիտեն՝ եթե ցանեն, վաղը կարողանալո՞ւ են իրացնել, թե՞ ոչ, չգիտեն՝ այսօր կարողանալո՞ւ են ջրել, թե՞ ոչ, որովհետև այդտեղ էլ խնդիր կա: Այս բոլոր խնդիրներն անտեսել է կառավարությունը և ասում է՝ հինգ խոզ ունես, պահիր տասը խոզ, ոչ մեկը չի մտածում՝ հետո ինչպես պետք է մթերի, ինչ պետք է անի այդ գյուղացին. սրանք շատ թերի ծրագրեր էին»:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած սոցիալական փաթեթին, Գևորգ Գորգիսյանը նշում է. «2-րդ փաթեթը՝ խոցելի խմբերի համար, բավականին լավն էր, որովհետև տուժած ոլորտներին ինչ-որ չափով դրամական օգնություն էր տրամադրվելու, բայց դա ևս չէր փակում ամբողջ ծավալը, որովհետև ոլորտներ կային, որոնք թվարկված չէին այդտեղ, մասնավորապես՝ տարբեր լեզուներ դասավանդող, հաշվապահական, իրավաբանական և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ կային, որոնք այստեղ անմիջական շահառու չեն, բայց միաժամանակ տուժել են, որովետև իրենց գործունեությունն էլ կապված էր մնացածի հետ»:
Անչափահաս երեխաներին տրվող աջակցության մասին էլ պատգամավորն ասում է. «Սա վերաբերում է այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքից զրկվել են, բայց չի խոսվում նույնիսկ այն երեխաների մասին, որոնց ծնողներն աշխատում էին մի ոլորտում, որը հիմա չի աշխատում ու հիմա ստիպված պարապուրդի են մատնվել՝ նույն տուրիզմի, ռեստորանային և այլ ոլորտներում: Չի խոսվում նաև այն քաղաքացիների մասին, որոնց երեխաները 18 և ավելի տարեկան են, օրինակ՝ մայր, հայր և երկու ուսանող կամ բանակում ծառայող երեխա, այդ ընտանքիների մասին ոչ մի խոսք չկա: Ինձ և մեր կուսակցության տարբեր պատգամավորների ամեն օր բազմաթիվ այդպիսի մարդիկ են գրում ու իրենց բողոքը հայտնում, որովհետև իրենց այդ օգնությունը չի հասել: Ինչ վերաբերում է աջակցության չափին, այն մեկ երեխայի հաշվարկով 26.500 դրամ է, այսինքն, եթե Հայաստանում ընտանիքները միջինում ունեն 2 երեխա, մեկ ընտանքիը ստանալու է մոտավորապես 53 հազար դրամ, և սա միանգամյա օգնություն է լինելու, երբ մենք չգիտենք, թե որքան է տևելու այս արտակարգ իրավիճակը, համաշխարհային համավարակը որքան է տևելու ու հետո տնտեսությունն ինչպես է զարգանալու: Կարծում եմ, որ անհամաչափ են կառավարության առաջարկած ծրագրերը, և կրկին ամենախոցելի խմբերը դուրս են մնացել»:
Գևորգ Գորգիսյանը նաև հավելում է, որ այսօրվա մարտահրավերներին հնարավոր էր դիմակայել և առաջ նայել, եթե արվեին համապատասխան քայլեր. «Ցանկացած ճգնաժամից ինչ-որ մեկը դուրս է գալիս շահած. դա համաշխարհային աքսիոմ է: Ուղղակի պետք է հաշվարկներ անել՝ հասկանալու համար թե ճգնաժամի հաջորդ օրն աշխարհն ինչի կարիք է ունենալու և պատրաստվել այդ հաջորդ օրվան՝ դիմակայելով այսօրվա մարտահրավերներին և առաջ նայել: Սա հնարավոր էր անել, բայց, ցավոք, այդ մասին միայն մեկ անգամ խոսվեց ու այլևս որևէ քայլ չարվեց: Օրինակ՝ համաշխարհային մակարդակով միգուցե պարենի պակաս է լինելու, եթե Չինաստանը, Ռուսաստանը չարտահանեն որոշ բաներ․ այս պարագայում մենք արդյո՞ք անում ենք համապատասխան գորոծողություններ, որպեսզի վաղը՝ ամռանն ու աշնանն ունենանք ավելի շատ պարեն, քան մեզ պետք է և կարողանանք արտահանել, ստեղծո՞ւմ ենք համապատասխան ենթակառուցվածքներ, որ արտահանումն ավելի հեշտ լինի. չկա որևէ քայլ այս ուղղությամբ: Եվ չեմ կարող ասել՝ ինչու: Այդ ինչու-ին վաղը ժողովրդի առաջ պետք է պատասխանի վարչապետը, թե ինչո՞ւ իր ասած խոստումենրը չեն կատարվել»:
ԼՀԿ-ական պատգամավորը նաև ընդգծում է, որ այսօր ունենք այս իրավիճակը, որովհետև կառավարությունն ի սկզբանե լրջություն չցուցաբերեց. «Մենք՝ որպես խորհրդարանական ուժ, ամեն ինչ անում ենք, որպեսզի ճիշտ լուծումները ճիշտ ժամանակին հուշենք մեր կառավարությանը: Հուսով եմ, որ նրանք կսկսեն ականջալուր լիել, որովհետև եթե նայենք ժամանակագրությանը, մենք նույնիսկ մինչ առաջին վարակակիր ունենալու դեպքը կոչ էինք անում փակել Իրանի հետ սահամանը, երբ այնտեղ այդպիսի համաճարակ էր սկսվում, այնինչ այդ ժամանակ հայտարարվում էր, որ կորնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ: Մենք, երբ կոչ էինք անում Իտալիայից եկող չվերթները դադարեցնել և միայն ՀՀ քաղաքացիներին թողնել վերադառնալ և մեկուսացնել նրանց, որպեսզի վարակը չտարածվեր, երբ կոչ էինք անում զանգվածային միջոցառումներ չիրականցնել, վարչապետը հանրահավաք էր անում և հայտարարում, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով ու օղիով բուժելու են: Ցավոք, այդ լրջությունը ի սկզբանե չեղավ, և մենք այսօր ունենք կառավարության անլրջության հետևանքները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը