Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը արցախցիներին նախագահական ընտրությունների կապակցությամբ շնորհավորելուց հետո հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։
Պատգամավորն իր թվիթերյան միկրոբլոգում, նշել էր.
«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ։ Ավտորիտար ռեժիմների եւ բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն: Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց», և հրապարակման մեջ շնորհավորել նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին ու ՀՀ կառավարությանը։
Ավելի ուշ նա նաև գրել էր, որ «ազատ և ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի սև ցուցակում»:
«Ես միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին ու իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը