03 04 2020

Նոր օրենքի ընդունումից օրեր առաջ Ավինյանը գրանցվել է «Սիգնալ»-ում. Factor.am

Նոր օրենքի ընդունումից օրեր առաջ Ավինյանը գրանցվել է «Սիգնալ»-ում. Factor.am

Factor.am-ը գրում է․ «Աշխարհում տարածված կորոնավիրուսի պանդեմիային դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Այս մասին գրում է Factor.am-ը:

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Հայաստանում, սակայն, քաղաքացիների կողմից միանշանակ չընդունվեց, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը:

«Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու:

Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում:

Factor.am-ը պարզեց, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցեցին, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ նման քննարկումներ դեռ չկան: Ի դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվեց, եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձիք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում: «Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները  և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշեց նա: «Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ: Եթե, օրինակ, հեռախոսում այլ հավելվածներ վիրուսակիր լինեն, ապա այն ինչ-որ առումով կխափանի «Սիգնալի» բնականոն աշխատանքը:  Մասնագետը խորհուրդ է տալիս առավել հաճախակի թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ