02 04 2020

Իշխանությունը համաճարակն օգտագործում է ընդդիմադիրների դեմ․ Աղասի Ենոքյան

Իշխանությունը համաճարակն օգտագործում է ընդդիմադիրների դեմ․ Աղասի Ենոքյան

ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարի առաջարկով որոշեց փոփոխություն կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում, որի համաձայն`տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել որոշակի պայմաններում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը մի քանի դիտարկում ու փաստ է ներկայացրել այս առնչությամբ/

«Իրավիճակից օգտվելով՝ փորձում են օրենք «սղացնել»

Այսօր ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարի առաջարկով որոշեց փոփոխություն կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում, որի համաձայն`տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել որոշակի պայմաններում։

Մի քանի դիտարկում ու փաստ՝ կապված այս որոշման հետ․

-Այն ներառվել է չզեկուցվող հարցերի շարքում։ Ընդհանրապես, այս կառավարության գործելաոճն է դարձել կառավարության որոշումների մեծ մասը այս ընթացակարգով ընդունելը։ Ինքնին այս փաստը կոռուպցիա է՝ իշխանության չարաշահում, որը կծառայի որոշ մարդկանց շահերին։ Մեծ հավանականությամբ այստեղ կա նաեւ ֆինանսական կոռուպցիայի վտանգ, քանի որ գիտենք, որ այս կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքով է ընդունել մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումները՝ սկսած իշխանավորների աշխատավարձերը բազմապատիկ բարձրացնելուց, մինչեւ առանձին անձանց ու կազմակերպություններին արտոնություններ տրամադրելը։

- Քաղաքացիների ազատությունները ճնշելն ու սահմանափակելը, այդ թվում նաեւ՝ տեղեկատվության ազատությունը, դարձել է այս իշխանությունների վերջին օրերի գործունեության հիմնական դաշտը։ Դրա վառ ապացույցը 1-2 օր առաջ ընդունված օրենքների փաթեթն էր, որով թույլ էր տրվում հետևել քաղաքացիների հեռախոսներին եւ տեղաշարժին։ Այս օրենքն ընդամենը սահմանափակումներ մտցնելու շարքում իշխանությունների ռազմավարության հերթական քայլն էր։

- Նման սահմանափակումները մտցվում են՝ օգտվելով հաստատված արտակարգ դրության ռեժիմից։ Համոզված ենք, որ իշխանությունները հույս ունեին, որ կորոնավիրուսի համաճարակով մտահոգ հասարակությունը որեւէ ուշադրություն չէր դարձնի այս որոշմանը եւ այն հանգիստ կարելի էր «սղացնել»։ Անգամ միջազգային հանրությունը, որը մխրճված է սեփական խնդիրները լուծելու մեջ, հասցնում է նկատել, որ ՀՀ իշախանություններն օգտագործում են կորոնավիրուսի համաճարակը ընդդիմադիրների, քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար։

- Մեր համոզմամբ, արտակարգ դրության սահմանումը նշանակում է, որ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսները եւ ժամանակը պետք է ներդնեն համաճարակի տարածումը կանխելուն եւ հնարավոր հետեւանքները վերացնելուն։ Բոլորը, այդ թվում եւ բնապահպանության նախաարարությունը պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ իշխանությունները շատ հաճախ այս ռեժիմը ի չարս են օգտագործում`փորձելով համընդհանուր տագնապի ժամին աննկատ սեփական իշխանությունն անօրիանականորեն ամրապնդող որոշումներ կայացնել։

Չնայած բարձր իշխանավորների կողմից այսօր բազմիցս հնչած լրջության կոչերին, ակնհայտ է, որ այս կոչերը լուրջ չեն, այլապես լրջության պահին նման գաղտագողի որոշում չէր կայացվի։ Հանրապետությունում ստեղծված տագնապալի իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխանությունների անլրջությունն է, եւ դրանով իսկ՝ հենց հեղափոխության օրերից սկսած ողջ հասարակությունն անլրջացնելու քաղաքականությունը։ Ներկա պայմաններում այսպիսի գործելակերպն ընդամենը շաբաթներ անց հանրապետությունը կանգնեցնելու է անվերահսկելի աղետի առաջ»։

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ