Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ անելիքների քննարկումն է: «Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու, և մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:
ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների քննարկման համատեքստում անդրադարձ է եղել ներդրումային ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկվել են կառուցապատման, զբոսաշրջության ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման, հուշարձանների պահպանության և մի շարք այլ ոլորտներում առկա ծրագրերը: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ: Արծարծվել են ներդրումային նախագծերի չափանիշներին, դրանց հաստատման արդյունավետ մեխանիզմներին, մրցութային գործընթացին առնչվող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային քաղաքականության խթանմանը միտված ընթացակարգերի արագ, հստակ, որակյալ կազմակերպումն է և պետություն-ներդրող գործուն կապի ապահովումը, պոտենցիալ ներդրողներին աջակցությունը: Դրա համար պետք է ֆիլտրել ներդրումային առաջարկները, արձանագրել իրատեսականները և հնարավորինս արագ արձագանքել:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել մտքերի փոխանակության շրջանակում հնչած առաջարկները և ներկայացնել քննարկման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը