Մարտի 31-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել են քննարկումները, թե, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առաջին հերթին՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքը, այս անգամ որքանով ակտիվ կլինեն դիտորդական առաքելությունները:
Այս հարցերին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Տիկին Արզումանյան, լուրեր են պտտվում, թե Արցախում ընտրություններն անցկացվելու են այսպես ասած փակ ռեժիմով, առանց լրատվամիջոցների, դիտորդների:
Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում: Ինչպես նախորդ բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր, այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ ընտրական գործընթացը լինի օրենքի պահանջներին համապատասխան, բաց, թափանցիկ: Դիտորդների եւ լրատվամիջոցների մասնակցությունն էլ, հավատացնում եմ, բոլոր հիմքերն ունի նախորդ տարիների ռեկորդները գերազանցելու համար:
Արդեն կարո՞ղ ենք մասնակցության հայտ ներկայացրած լրատվամիջոցների եւ դիտորդների մասին որոշակի տեղեկություններ հրապարակել:
Սկսենք լրատվամիջոցներից: Այս պահին արդեն ունենք ԿԸՀ-ում հավատարմագրված 13 տեղական՝ արցախյան լրատվամիջոց՝ 74 ներկայացուցչով: Հայաստանյան լրատվամիջոցներից մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 21-ը, ընդհանուր առմամբ 114 ներկայացուցչով: Միջազգային լրատվամիջոցներից այս պահին հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցչով: Եթե ի մի բերենք, այս պահին արդեն ունենք հավատարմագրված 37 զանգվածային լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով: Ընդ որում, միջազգային լրատվամիջոցների հավատարմագրման ժամկետը դեռ ավարտված չէ:
Իսկ ի՞նչ կասեք դիտորդների մասին:
Կասեմ, որ աննախադեպ ակտիվություն է գրանցվել: Եվ դա թվերն են հիմնավորում: Միայն Արցախից 9 կազմակերպություն է հավատարմագրվել: Նրանց կողմից ներկայացված ցուցակներում ներառված դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 437: Ընդ որում, որոշ կազմակերպություններ ներկայացել են բավական մեծ թիմերով: Օրինակ՝ Քաղաքացիական հաբ ՀԿ-ն ներկայացրել է 128 հոգանոց ցուցակ, Իրավական կրթություն ՀԿ-ն՝ 119, Ապառաժ երիտասարդական միությունը՝ 65 հոգանոց դիտորդական թիմ կունենա, Հայկի Սերունդ կազմակերպությունը՝ 46: Այսինքն, բավական մանրամասն եւ ծավալուն աշխատելու հնարավորություն կլինի:
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է հայաստանյան 6 կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդով: Այս դեպքում դիտորդական ամենամեծ խմբերն ունեն Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն՝ 324 հոգանոց ցուցակով, եւ Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն՝ 97 դիտորդով: Դիտորդական առաքելության հայտ ներկայացրած հայաստանյան մյուս կազմակերպությունները՝ Ինքնություն եւ ազատ կամք, Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Թալիշ սահմանամերձ բնակավայրերՀայաստանի հույների Պատրիդա կազմակերպություների դիտորդների թիվը տատանվում է 2-ից 37-ի միջակայքում:
Ընդհանուր առմամբ՝ այս պահին դիտորդական առաքելության համար միայն Արցախից եւ ՀՀ-ից հավատարմագրվել է 15 կազմակերպություն: Իսկ դիտորդների թիվը կազմում է 904: Սա ռեկորդային թիվ է, բայց լիովին տեղավորվում է Արցախի ընտրական գործընթացների տրամաբանության մեջ: 1991թ. Անկախության հանրաքվեին 41 դիտորդ է հետեւել, 2017թ. Սահմանադրական հանրաքվեին՝ 104 միջազգային եւ 103 տեղական դիտորդ եւ լրատվամիջոցների 80-ից ավելի ներկայացուցիչ: Իսկ 2019թ. ՏԻՄ ընտրություններին 324 դիտորդ ենք ունեցել: Այսինքն, աճի տրամաբանությունը պահպանվում է:
Ի՞նչ կարող ենք ասել միջազգային դիտորդների ներգրավվածության մասին:
Ինչպես միշտ, Արցախի իշխանությունները դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ ուղարկել են մի շարք կազմակերպությունների, նաեւ՝ միջազգային մի շարք լրատվամիջոցների: Այս պահին կարող եմ միայն ասել, որ ունենք 140 դիտորդի եւ մոտ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական համաձայնությունը՝ 38 երկրից: Թե նրանցից քանիսը կկարողանան մարտի 31-ի ընտրություններին ներկա գտնվել՝ այս պահին դժվար է ասել: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ տարածումը իրավիճակը ժամ առ ժամ է փոխում: Իսկ մարդկանց տեղաշարժի սահմանափակումը շատ երկրներում շարունակում է դիտարկվել այդ վիրուսի տարածումը կանխարգելելու ամենատարածված միջոցը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը