Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Արցախը վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին»,-նշում են Ստեփանակերտում:
Հայաստանը ևս լիակատար աջակցություն է հայտնել կոչին:
Գուտերեշը մարտի 23-ին տեսաուղերձով հայտարարել էր` ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid 19 համաճարակի դեմ: Նա նկատել էր՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը