Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում հրապարակվել է արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։
Ներկայացնում ենք պարետի որոշումը․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20 - րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ 1)Մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակել այն տնտեսվարողների ցանկը, որոնք անկախ գործունեության տեսակի կշռից 2020 թվականի մարտի 23-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ են ներկայացրել սույն որոշման Հավելվածի 1-ին եւ 2-րդ կետերում ներառված տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն:
2) Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հավելվածով արգելված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների գործունեության վերաբերյալ՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ մարտի 23-ը, ինչպես նաեւ՝ մինչեւ սույն որոշման գործողության ավարտը այդ տեղեկատվության թարմացումները։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝
1) ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:
2) ամենօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝
1) ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված՝ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու գործընթացը,
2) 1-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ հորդորել թույլատրված վայրերում սոցիալական նվազագույն հեռավորություն պահպանելու կանոնների՝ 10 քառակուսի մետրի հաշվով 1 անձի գտնվելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 21-ի N 9 որոշումը: 6. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18:00-ից»,- ասված է որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեության հետեւյալ տեսակները․
1. ՀՀ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առեւտրի իրականացման վայրեր, բացառությամբ դրանցում գործող՝
1) պարենային ապրանքների վաճառքի իրականացման առեւտրի օբյեկտները,
2) դեղատները,
3) գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ «Բարերի եւ խմիչքների մատուցման համանման կետերի ծառայությունների գործունեություն» (կոդ` 56.3), «Կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- եւ տեսաֆիլմերի ցուցադրում, կինոակումբների գործունեություն» (կոդ՝ 59.14.0), «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն» (կոդ՝ 92), «Սպորտի, զվարճությունների եւ հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն» (կոդ՝ 93), «Այլ անհատական ծառայությունների մատուցում» (կոդ՝ 96), բացառությամբ՝ 1) Ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի եւ վիճակախաղերի գործունեությունը,
2) Բարերի, սրճարանների գործունեությունը (կոդ՝ 56.30.1)՝ միայն սրճարանների մասով,
3) Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքը (կոդ՝ 56.30.4),
4) Բարերի եւ խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից (կոդ՝ 56.30.9),
5) Թաղումների կազմակերպման հետ կապված ծառայությունները (կոդ՝ 96.03):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը