Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ժամանակ Տիգրան Ավինյանն ասել է.
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:
Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:
Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:
Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը