Politik.am-ը գրում է․
«Ի՞նչ խնդիր է լուծում Սորոսը Հայաստանում և Արցախում, ու՞մ ձեռքերով
Սորոսականները հավաքական կերպար են։ Ջորջ Սորոսը Հայաստանում ու արդեն նաև Արցախում գործող այդ հավաքական կերպարի առանձին մասերի «հոգևոր» հայրն է ու փող տվողը։
Փող տվողներ էլի կան, բայց Սորոսի անունն է դուրս եկել։ Ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։
Ի՞նչ է ուզում Սորոսը
Սորոսի ուզածը Հայաստանում ու Արցախում մեկն է՝ ռուսական ազդեցության թուլացումն ու հետագայում զրոյացումը։ Թիրախում Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազան է։ Հետո արդեն ԵԱՏՄ–ից ու ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալն ու արևմտա–թուրքական ազդեցության գոտում հայտնվելը։
Սորոսի ձեռքերով աշխատող արևմտյան որոշակի շրջանակների խնդիրը մեզ մոտ հակառուսական գիծն առաջ տանելն է, որն ավտոմատ նշանակում է Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի, իսկ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացում։ Ինչպես որ Վրաստանում եղավ։
Մեր հարևան երկիրը ռուսական գործոնի դուրս մղումից հետո և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումներով դարձել է թուրք–ադրբեջանական զույգի կցորդը։
Մեր դեպքում, ի տարբերություն Վրաստանի, ոչ թե կունենանք կցորդություն, այլ ոչնչացում։ Բայց դա սորոսներին չի հետաքրքրում։ Իրենք գլոբալ հարց են լուծումէ աշխարհաքաղաքական բնույթի։ Իսկ թե այդ ամենի արդյունքում ինչ կլինի Հայաստանի ու Արցախի հետ, իրենց չի հետաքրքրում։
Այդ հարցը պետք է հետաքրքրի մեզ ու առաջին հերթին հայկական պետությունների ղեկավարությանը, բայց Արցախում հիմա «կաղ բադ» դարձած իշխանություն է, իսկ Հայաստանում՝ սորոսականների հետ փայատեր դարձած իշխանություն։ Մեր երկրի թշնամիների համար գործելու ավելի լավ տարբերակ չի եղել երբևէ։ Դրա համար էլ բոլոր ուղղություններով գրոհի են դիմել։
Սորոսի վաստակները և Արցախի ընտրությունները
Մեզանում գործող հակապետական ուժերը տարբեր կարգավիճակներ ունեն՝ ահաբեկչական խմբավորումից մինչև Արցախի նախագահի թեկնածու։
Հայաստանի քաղաքական դաշտում սորոսականների քաղաքական թևը ներկայացված է երեք տարբերակով՝
–«Սասնա ծռեր» հորջորջվող ահաբեկչական խմբի, որը նաև համանուն կուսակցություն է գրանցել,
–«Քաղաքացու որոշում» կուսակցության, որը փորձում է բարեփոխիչների, կանաչների և առաջադեմների իմիջով հանդես գալ,
–Նիկոլ Փաշինյանի իշխանության փայատիրոջ։
Սորոսներն աշխատում են Փաշինյանի կառավարության հետ, բայց նրան չեն համարում յուրային, այլ դիտարկում են ՀՀ վարչապետին որպես գործիք՝ իրենց ուզածին հասնելու համար։
Այս փուլում սորոսականների թիրախում հայտնվել է Արցախը։ Նրանք փաշինյանական իշխանության մի թևի հետ ունեն դրածո թեկնածու ի դեմս Մասիս Մայիլյանի, որի մուտքը Ռուսաստան արգելվել է՝ արևմտյան որոշ շրջանակների լրտեսը լինելու հիմքով։
«Սասնա ծռերն» անուղղակիորեն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ուղղակիորեն աջակցում են Մասիս Մայիլյանին։ Նույնը անում են նաև տարատեսակ դանիելիոաննիսյանները, որոնց դիտորդական առաքելության քողի տակ գործուղել են Արցախ։
Արցախի ընտրությունը
Թշնամին նախորդ դարի 90–ականներին չկարողացավ հաղթել պատերազմում։ Չկարողացավ գրոհով վերցնել Արցախը 2016–ի ապրիլին։ Հիմա փորձում է հարձակվել թիկունքից։
Հայաստանի ու Արցախի թշնամիները հաջողացրել են ոչ միայն փայ մտնել Հայաստանի իշխանության մեջ, այլ նաև դրածո թեկնածու ունենալ Արցախում։
Արցախահայությունը պետք է այս ընտրություններում «ո՛չ» ասի թուրքամետ հեղափոխության արտահանմանը Արցախ, «ո՛չ» ասի սորոսականների դրածո Մասիս Մայիլյանին։
Այն, որ Մայիլյանը պարտվելու է, կասկած չկա։ Կարևորն այն է, որ նա խայտառակ ցածր տոկոսներ հավաքի։ Որքան ցածր լինի Մայիլյանի տոկոսը, այնքան բարձր կարելի է գնահատել Արցախի անվտանգության իմունիտետի մակարդակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը