24 03 2020

ՀՀ իշխանությունները թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի․ կարծիք

ՀՀ իշխանությունները թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի․ կարծիք

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է.

«Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ:

Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի: Եթե նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը Չերչիլի կամ Դը Գոլի կատեգորիայի գործիչ «ճանաչվի», միևնույն է՝ ոչինչ ինքնություն անել չեն կարող: Որովհետև ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի արտաքին աշխարհից: Հետևաբար հենց այսօրվանից մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ականջները սրած և աչքները չորս արած պետք է կարողանա նպաստավոր դիրքավորվել գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կուլուարներում՝ համաշխարհային տնտեսության վերաֆորմատավորման ու առողջացման ծրագրերում Հայաստանի տնտեսական կարողությունները ներառելու համար:

«Մեծ քսանյակի» երկրները հաջորդ շաբաթվա ընթացքում, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ նախատեսում են անցկացնել կորոնավիրուսի հետևանքներին նվիրված վիրտուալ գագաթաժողով: Ըստ միջազգային մամուլի՝ համաճարակային կանխարգելման հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև հնարավոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամին առընչվող հարցեր:

Ելնելով 2008-09թթ. (Վաշինգտոնյան և Լոնդոնյան գագաթաժողովներ) ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հաջողված փորձից՝ մասագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց «Մեծ քսանյակ»-ը կարող է լինել համաշխարհային գլոբալ համակարգողը: Առաջիկա գագաթաժողովը ցույց կտա, թե որքանով «Մեծ քսանյակը»(տնօրինելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը և բնակչության գրեթե 2/3-ը) շահագրգիռ կլինի և ցանկություն կունենա ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Ի տարբերություն 2008-09թթ., այսօր համաճարակը սպառնում է նաև միլիոնավոր մարդկանց առողջությանը: Հետևաբար G20-ի գագաթաժողովը ամենայն հավանականությամբ՝ համաճարակի կանխարգելման նպատակով կհաստատի առողջապահական համակարգերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև կանդրադառնա համաշխարհային տնտեսությանն աջակցման, հակամարտությունների և հակասող շահերի բացառմանն ու փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը: Տրամաբանական է, որ G20-ի ձևաչափում ընդգրկվի նաև ԱՀԿ-ն (առողջապահության համաշխարհային կազմակերպությունը):

«Մեծ քսանյակ»-ի վիրտուալ գագաթաժողովը կարող է նաև լավ օրինակ հանդիսանալ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար՝ ջանքերը միավորելու և ստեղծված բարդ իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:

Առաջիկայում անչափ կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, որ կորոնավիրուսային համաճարակի և համաշխարհային ֆինանսա-տնտեսական հնարավոր ճգնաժամերի կառավարման ղեկին կանգնած են ծանրակշիռ, պատասխանատու և պրոֆեսիոնալ առաջնորդներ ու կազմակերպություններ:

Աշխարհն արդեն հոգնել է թեթևսոլիկ, դեկլարատիվ և սինթետիկ քաղաքական գործիչներից: Ոչ մի պոպուլիզմ, PR տրյուկ կամ մանիպուլյացիա այլևս չի փրկելու որևէ պետության կամ անհատի դեմքը: Անհրաժեշտ են գործնական լուծումներ և շատ արագ: Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ