22 03 2020

Ինչո՞ւ Վրաստանում արտակարգ դրությունը, ի տարբերություն ՀՀ, չհանգեցրեց գրաքննության․ Zham.am

Ինչո՞ւ Վրաստանում արտակարգ դրությունը, ի տարբերություն ՀՀ, չհանգեցրեց գրաքննության․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Վրաստանում նույնպես հայտարարվեց արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սակայն շատերը նկատեցին, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում ԶԼՄ-ների հանդեպ գրաքննություն չմտցվեց: Ի դեպ, այդպիսի գրաքննություն չի մտցված նաև ոչ Ռուսաստանում, ոչ էլ եվրոպական երկրներում, բացառությամբ Ռումինիայի:

Ինչու՞ հատկապես մենք որոշեցինք նմանվել Ռումինիային, Վենեսուելային և Նիկարագուային: Այս հարցի պատասխանը շատերը չեն հասկանում: Մինչդեռ, այստեղ կա մի քանի բացատրություն:

Առաջին

Հայ հանրությունը իր գիտակցությամբ խորը գավառական բնույթ ունի: Մենք շատ ավելի թերզարգացած ենք, քան վրացիները: Սակայն այս հանգամանքը չենք ընդունում նույպիսկ մենթալ մակարդակով: Պարզապես չենք ուզում ընդունել այն պարզ փաստը, որ վրացիներից որակապես ավելի հետ ենք քաղաքացիական հասարակություն կառուցման հարցում:

Երկրորդ

Վրացիները նույնպես շատ չեն տառապում դեմոկրատիայի բացակայությամբ, սակայն նրանք գոնե գիտեն, որ պետք է ձգտեն նմանվել քաղաքակիրթ աշխարին: Մեզ մոտ այդպիսի ձգտումը շատ թույլ է զարգացած: Մենք ավտորիտար գիտակցություն ունեցող ժողովուրդ ենք, բոլոր հարցերում՝ ընտանիքում, ընկերական հարաբերություններում, քաղաքական պայքարում, վերջապես պետական կառավարման համակարգում: Մենք բոլոր այս հարցերում ավելի բռի ենք ու թերզարգացած:

Երրորդ

Պարզ է, որ 30 տարիների ընթացքում մենք չենք ունեցել դեմոկրատական հասարակարգ՝ վերը նշված պատճառներով: Սակայն, ինչ -որ փուլերում ունեցել ենք «լուսավոր ավտորիտար համակարգ», որի պատճառով էլ կարողացել ենք գոնե երկնիշ տնտեսական ցուցանիշներ ապահովել: Իսկ տնտեսական զարգացումը առաջ է բերում նաև քաղաքական ազատականացման պահանջ:

Այսօրվա իշխանությանը «լուսավոր» կարող են համարել միայն անհույս միամիտները: Սրանք ունակ չեն լինելու որևէ լուրջ քայլեր կատարելու, որ կնպաստեր երկրի զարգացմանը: Եվ տրամաբանական է, որ ճգնաժամային պայմաններում սրանց միակ փրկօղակը լինելու էր ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը: Մանավանդ, որ դրա՝ իբր հիմնավորումը առկա է:

Սակայն կարճ ժամանակ անց մարդիկ հասկանալու են, որ ԶԼՄ-ները չեն, որ խանգարում են իշխանություններին՝ ռացիոնալ որոշումներ կայացնելկու համար:

Եվ հենց այդ ժամանակ էլ, բոլորի համար պարզ է լինելու, որ հատկապես դժվարին պահերին բացահայտվելու է սրանց կատարյալ դատարկությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ