21 03 2020

Ո՞ւմ կամ ինչի՞ օգտին կքվեարկի արցախցին․ Panorama.am

Ո՞ւմ կամ ինչի՞ օգտին կքվեարկի արցախցին․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում 6-րդ անգամ կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այն նախորդներից տարբերվում է մասնակիցների աննախադեպ թվով, Արցախի ԿԸՀ-ն գրանցել է 14 թեկնածու: 1996, 1997 և 2012 թվականների ընտրություններին առաջադրվել էին 3-ական թեկնածուներ, 2002-ին առաջադրվել էր 4 թեկնածու: Թեկնածուների թվի աճ է գրանցվել 2007-ին, որի ժամանակ կար 5 առաջադրում:

Այս նախագահական ընտրություններին մասնակցելու համար «Անկախության սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, «Արցախի Պահպանողական» կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը: Այս տարի գրանցվել են նաև աննախադեպ՝ 5 ինքնաառաջադրված թեկնածու՝ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը և Աշոտ Դադայանը։

Արցախի ընտրությունների պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ թեկնածուների մեծ թիվ է արձանագրվում: Փաստը բացատրվում է նրանով, որ այդ երկու դեպքում էլ Արցախի գործող նախագահներն արդեն իրավունք չունեն առաջադրվելու և քաղաքական գործիչների և կուսակցությունների համար ընտրությունները քաղաքական պայքարի ու դաշտում ինքնահաստատվելու հարմար առիթի են վերածվում:

Մյուս կողմից էլ, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, այս դեպքում չկա հաղթանակի միանշանակ հավակնորդ:

Ըստ փորձագետների, թեկնածուների նման թիվը խոսում է նաև ընտրությունների հանդեպ տարածաշրջանում աշխարհաքաղաքական երկու հիմնական ուժերի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրվածության աստիճանի բարձրացմամբ: Փորձագետներն իրենց վերլուծություններում առաջին անգամ նկատեցին, որ ԱՄՆ-ը այս ընտրություններում ունի ֆավորիտ՝ ի դեմս ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի: Նման կարծիքներ սկսեցին ավելի բարձր հնչել այն բանից հետո, երբ ՌԴ-ն արգելեց վերջինիս մուտքը իր տարածք, բայց մինչ այդ էլ նրա շանսերը ցածր էին գնահատվում:

Այս ընտրություններում կարծես թե էական ակտիվություն չի ցուցաբերում նաև Արցախում երբեմնի ազդեցություն ունեցող Սամվել Բաբայանը՝ չնայած ունի հովանավորյալ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից առաջադրված Հայկ Խանումյան: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ տեղի ՀՅԴ-ն մշտապես ունեցել է կայուն ընտրազանգված, որը սակայն երբեք չի բավարարել ընտրություններում որոշիչ հաղթանակներ ապահովելու համար:

Մարտի 31-ի ընտրություններում հիմնական մրցակցությունը կընթանա Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև: Վերջինս լուրջ հայտ ներկայացրեց նախորդ՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ, երբ ստացավ ընտրողների 32.50 % տոկոսի /22 966 քվե/ ձայները: Գործող նախագահ Բակո Սահակյանը ստացել էր քվեների 66.70%-ը:

Վիտալի Բալասանյանը մշտապես հանդես է եկել պետության շահերից ելնող ընդդիմադիր դիրքերից: Հատկանշական է, որ նա պարբերաբար կոշտ գնահատականներ է հայտնում ՀՀ Վարչապետի հայտարարությունների և գնահատականների վերաբերյալ։ Նրա թիմում ըստ տեղեկությունների աշխատում են ռուսաստանից ժամանած նրա ընկերները, սակայն մամուլը գրեց որ նրանք իրականում մերձկրեմլյան քաղտեխնոլոգներ են, ինչը վերլուծաբանների համար հիմքեր է ստեղծել ենթադրելու, որ նա վայելում է Ռուսաստանի աջակցությունը: Բալասանյանը հաճախ հանդես է գալիս սոցիալական արդարության և ԼՂՀ անվտանգության ուժեղացման կոչերով: Մարտի 20-ին էլ նա կոչով դիմել է Արցախի իշխանություններին և ժողովրդին՝ խոսելով կորոնավիրուսին դիմակայելու համար երկրում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու մասին՝ շեշտելով ժողովրդի անվտանգության գերակայությունը քաղաքական պրոցեսների հանդեպ:

Արայիկ Հարությունյանը, չնայած տևական ժամանակ է լքել է Արցախի վարչապետի պաշտոնը, սակայն դիտարկվում է տեղի իշխանությունների ներկայացուցիչ, որն հանրապետությունում ունի նաև լուրջ տնտեսական ազդեցություն: Վերջինս կարողացել է իր պաշտոնավարման ընթացքում հանդես գալ չեզոք գիրքերից և հեռու մնալ աշխարհաքաղաքական վեկտորներից:

Մյուս առաջադրվածները երկու խնդիր են լուծում: Առաջին՝ նոր գաղափարախոսությամբ և սկզբունքներով առաջնորդվող նորաստեղծ ուժերը փորձում են ինքնահաստատվել քաղաքական դաշտում և երկրորդ՝ ընտրազանգվածը չեզոքացնում են ֆավորիտներ համար: Վերջիններից են «Արցախի Պահպանողական» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը և «Անկախության Սերունդ» կուսակցության թեկնածու Ռուսլան Իսրայելյանը: Նոր գաղափարախոսությամբ քաղաքական ուժերի ձևավորումը և հաստատումը դրական է ազդելու Արցախի հանրապետության քաղաքական դաշտի կայացման գործընթացի վրա:

Քաղաքական ուժերի ձևավորված համամասնությունների պայմաններում քաղաքական վերլուծաբանների դիտարկումներով Մարտի 31-ին կանխատեսվում է նախագահական ընտրությունների երկու փուլ: Եթե Արցախում արտակարգ դրության ռեժիմ չմտցվի, ամենայն հավանականությամբ Բալասանյանը և Հարությունյանը մյուս թեկնածուների քվեների համար պայքարի մեջ կմտնեն արդեն ընտրությունների երկրորդ փուլում: Այս ժամանակ է, որ որոշիչ են լինելու մյուս 12 թեկնածուներին տված ձայները:

Անկախ նրանից, թե քաղաքական ինչ գործընթացներ են ծավալվում Արցախում, արցախցին միշտ էլ ընտրություն կատարելիս առաջնայնությունը տվել է անվտանգությանը և կայունությանը:
Սակայն այս պահի դրությամբ առավել սպասելի է նախագահ Սահակյանի կողմից արտակար ռեժիմի սահմանելը, որի պարագայում ընտրություններ անցկացնելը անհնար է, իսկ թեկնածուները ստիպված կլինեն սպասել մինչ վիրուսի հետ կապված բոլոր վտանգները չեզոքանան, այնուհետ նորից մտնեն պայքարի մեջ։

Ա. Վ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ