Panorama.am-ը գրում է․ «Փորձագետ, քաղաքական նախկին գործիչ, Ստեփան Մարգարյանը կարծում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով Արցախում համապետական ընտրությունները պետք է հետաձգվեն։
Նկատենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո շատ խոսվեց այն մասին, որ նույնը պետք է անել նաև Արցախում։ Հիշեցնենք, որ Արցախում ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը հետաձգվեց արտակարգ դրության հետևանքով, նշանակված էր ապրիլի 5-ին։
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է ապահովել ընտրությունների հետաձգման իրավական մասը, քանի որ դա կախված է երկրի Սահմանադրությունից ու օրենքներից, բայց ես կարծում եմ պետք է մի ձև գտնել ու հետաձգել, որովհետև անվտանգությունն առաջնահերթ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը։
Նա միաժամանակ ընդգծեց՝ երկրի համար շատ կարևոր են համապետական, հատկապես նախագահական ընտրությունները, համոզված է, եթե Հայաստանում ավելի շուտ սահմանափակումներ մտցվեին ու միջոցներ ձեռնարկվեին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ու հիվանդության տարածումն էապես ավելի քիչ կլիներ։
«Փառք աստծո, Արցախում հիմա որևէ հաստատված դեպք չկա, բայց մյուս կողմից էլ բացառված չէ, որ նախընտրական իրավիճակը՝ հանդիպումներ, մարդկային կուտակումներ կբերեն հիվանդության հնարավոր տարածման։ Ես նորից եմ կրկնում, իրավականը թողնենք մի կողմ, որևէ խնդիր չի լինի, եթե ընտրությունները հետաձգվեն որոշ ժամանակով, և ավելի ուշ տեղի ունենան»,- նշեց նա։
Ինչո՞ւ է հապաղում այս հարցում Արցախի իշխանությունը՝ մասնավորապես գործող նախագահը, որքան էլ նա հեռացող է, միևնույնն է՝ այս պահին ինքն է երկրի անվտանգության պատասխանատուն։
«Բնականաբար ինքն է պատասխանատուն, բայց ես դժվարանում եմ ասել, թե ինչու է հապաղում։ Ես չեմ ուզում մտածել, որ ընտրությունների ժամանակ որոշակի տակտիկական խնդիրներ, ինչը միշտ լինում են, կարող են հանկարծ գերակայել անվտանգության խնդիրներին։ Եթե այդպես է, դա շատ վատ է։ Տակտիկական ասելով ես ի նկատի ունեմ, ենթադրենք որոշակի արդյունքի սպասելիքը, որը հիմա կարող է լինել, իսկ հետաձգելուց հետո՝ ոչ։ Բայց ես կարծում եմ՝ ամեն բան պետք է հիմա թողնել մի կողմ, այս պահին շատ կարևոր է մարդկանց առողջությունն ու երկրի անվտանգությունը, մանավանդ, երբ Արցախում ընտրությունները միշտ էլ բարձր մակարդակով են անցկացվել, նույնիսկ շատ դեպքում ավելի լավ, քան Հայաստանում»,- իր կարծիքը հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը։
Մարգարյանը որևէ մտահոգություն, անհանգստություն, խնդիր չի տեսնում ընտրությունների հետաձգման առումով, քանի որ լավ ընտրությունների անցկացմանը պատրաստ են թե ժողովուրդը, թե քաղաքական ուժերը։
«Թե ինչու է հապաղում գործող նախագահը, ես չգիտեմ, եթե պետք է՝ նույնիսկ կոչ կանեմ։ Իմ կարծիքով, ճիշտը հետաձգելն է»,- ասաց նա։
Հետաքրքիր է, որ համապետական ընտրությունների առաջարկով հանդես են եկել շատ թեկնածուներ, բացի «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանից։ Փորձագետից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ նրա կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Հարությունյանի դիրքորոշումը։
«Դժվարանում եմ ասել, կարծում եմ, գուցե հաշվարկների արդյունք է։ Ամեն թեկնածու կարող է իր մարտավորությունն ու ռազմավարությունը ունենալ ընտրություններն անցկացնելու։ Գուցե Արայիկ Հարությունյանը դիտարկում է, որ դա կլինի շեղում իր մարտավարությունից կամ ռազմավարությունից։ Բայց ես կարծում եմ, ինչպես գործող նախագահը, նախագահի թեկնածուն ևս պետք է ժողովրդի անվտանգությունը դնի առաջին պլան։ Աստված ոչ անի, եթե սկսի բռնկում այնտեղ, հետո՞։ Քանի՞ կոպեկ արժե այդ մարտավարությունն ու ռազմավարությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը