18 03 2020

«Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմից անցում «Գալդ բարի, կորոնավիրո՛ւս»․ Թևանյան

«Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմից անցում «Գալդ բարի, կորոնավիրո՛ւս»․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Վտանգավոր մտքեր

. ասում է՝ կորոնավիրուսից հետո զրոյական վիճակ ենք ստանալու, մեծ շինհրապարակ ենք ստանալու (իսկ դա լինում է, երբ եղածը հողին է հավասարեցվում), նախկինում ուզում էինք քանդել, նորը կառուցել, էդքան էլ չէր ստացվում, իսկ հիմա կորոնավիրուսի պատճառով շանս ենք ստացել տնտեսական հեղափոխության համար։

Փաստորեն, ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմքում ավերածության փիլիսոփայությունն է դրված։

Քանի կար՝ «Կորոնավիրուսն ում շունն» էր, իսկ հիմա այնպիսի էնտուզիազմով է խոսում այդ վիրուսի գալստյան մասին, կարծես՝ պետք է ուրախ լինենք, որ եկել է ու եթե չգար, պետք է զոռով բերեինք։

Քաղաքական շիզոֆրենիան էլ ուրիշ ինչպե՞ս է լինում։

***

Խոստովանում է, որ ուզեցել են փլուզել երկիրը և սարքել մեծ շինհրապարակ, բայց չեն կարողացել և ուրախ է, որ կորոնավիրուսը կփլի եղածը։ Այսինքն՝ ինքը նեկրոֆիլիայի կողմնակից է։

Փաշինյանն «էս գլխից» իրեն ուզում է ապահովագրել։ Իր բոլոր ձախողումները նա հետագայում դուրս է գրելու կորոնավիրուսի վրա։

Փաստորեն, հիմա «Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ռեժիմից անցում ենք կատարում «Գալդ բարի, կորոնավիրո՛ւս» ռեժիմին։

Տնտեսական հեղափոխության հույսը, փաստորեն, կորոնավիրուսն է եղել։

***

Վարչապետը լսել է, որ աշխարհը վիրուսից հետո փոխվելու է, բայց չի հասկացել, թե դեպի ուր է փոխվելու։ Ինքը միայն մեկ երգ գիտի արդեն՝ սեփական ձախողումները կորոնավիրուսի վրա գցելը։ Բայց լավն այն է, որ դա երկար չի տևելու։

Փաշինյանը դարձել է կորոնավիրուսի քարոզիչ։ Այդպիսի գովեստի խոսքեր վիրուսը չէր ստացել աշխարհի և ոչ մի անկյունում։

***

Փաշինյանը բարձրաձայնեց սեփականության վերաբաշխման իր ծրագիրը՝ կորոնավիրուսը փլուզում է տնտեսությունը, հետո ինքը կուտակած գումարներով որոշում է, թե ում օգնել, իսկ ում՝ ոչ։ Այսինքն՝ երբ խոսում է այն մասին, որ կորոնավիրուսը հնարավորություն է, նկատի ունի այն, որ դա հնարավորություն է անձամբ ի՛ր համար՝ տնտեսական վերաձևում իրականացնելու և մեկ մարդու տնտեսություն կառուցելու համար։ Տնտեսական վերաձևումն էլ փորձելու է ծառայեցնել քաղաքական մոնոպոլիա ձևավորելուն։ Բայց չի հաջողելու լրիվ այլ պատճառով։

***

Կորոնավիրուսն իրականում միայն մեկ դրական էֆեկտ կարող է ապահովել։ Այն բացեց շատերի աչքերը՝ հիմք ստեղծելով այս ապաշնորհ իշխանությունից ազատվելու համար։ Եթե այս վիրուսային չարիքից մեր ժողովուրդը կարող է օգտվել, ապա նախևառաջ այդ հարցում։

***

Վարչապետի հարցազրույցը խուճապային տրամադրության աղբյուր կարող է դառնալ։ Արտակարգ դրության ժամանակ դա թույլատրվո՞ւմ է։

***

«Տնտեսական հեղափոխության» հիմքում ալկոգելն է։ Համենայնդեպս շատ էր ոգևորված այդ թեմայով։ Եվ, ի դեպ, առանց անուն տալու՝ չափից շատ ոգևորված էր հեղափոխական գործարար Սամվել Ալեքսանյանի հնարամտությամբ։

***

Եվ ամենակարևորի մասին։ Այդ ի՞նչ արտադրամաս է, որ անունը չեք տալիս։ Բա ասում եք՝ մարդիկ պետք է անհատական ու սոցիալական պատասխանատվություն ունենան և ինքնամեկուսանան։ Բա ասեք, որ մարդիկ իմանան։ Կարող է չգիտեն, որ պոտենցիալ վարակակիր են կամ արդեն իսկ վարակող։ Իսկ միգուցե այդ արտադրամասն այնքան սրտակեր նախկին օլիգարխի՞ է, որ չեք ուզում անունը տալ, քանզի ինքն է խնդրել։ Արտակարգ դրություն, որ ասում էինք մտցրեք, հո չէի՞նք ասում, որ տեղեկությունները թաքցնելու և տեղեկություն մատակարարելու մոնոպոլիա ստանայիք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ