17 03 2020

Հին ու նոր արտակարգ վիճակներ․ Panorama.am

Հին ու նոր արտակարգ վիճակներ․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Մարտի 16-ին ՀՀ-ում մեկ ամսով  հայտարարվեց  արտակարգ դրություն։ Հազիվ թե Հայաստանում գտնվի մեկը, ով ողջ սրտով չցանկանա, որ մեր հանրապետությունը նվազագույն կորուստներով հաղթահարի կորոնավիրուսը՝ դրսևորելով տոկունություն, համբերություն և ողջախոհություն։
Պե՞տք էր հայտարարել արտակարգ դրություն։  Պե՛տք էր․․․ ճիշտ այնպես,  ինչպես անհրաժեշտ էր 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը։ Եթե հիմա մոլեգնում է կորոնավիրուսը,  ապա այն ժամանակ էլ զանգվածային  անկարգություններն էին  մարդկային կյանքեր խլում։ 

Ճակատագրի հեգնանքով՝  «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգից»  ելնելով  2020-ին արտակարգ դրություն է հայտարարում ՀՀ վարչապետը, ում թեթև ձեռքով  երկու տարի ազատազրկված է  «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգից»  ելնելով  2008-ին արտակարգ դրություն հայտարարած ՀՀ երկրորդ նախագահը։  Տավտալոգիա ստացվեց, բայց դե կյանքն ինքն է աբսուրդային վիճակների լավագույն բեմադրիչը, և չի  իմացվի թե տարիներ անց  այսօրվա ղեկավարին ինչեր են սպասվում։   Մետաֆիզիկական դատողությունների մեջ չխորանաք, բայց  ներկա իշանությունների համար ետ եկող բումերանգներից մեկն էլ հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածներն են լինելու։

2008թ․ մարտի 1-ին,  ինչպես որ  2020-ի մարտի 16-ին՝ խորհրդարանը հատուկ նիստ հրավիրեց և վավերացրեց Արտակարգ դրություն մտցնելու առաջարկը։  Մարտի 16-ին կառավարության և ԱԺ նիստերի հեռարձակման ընթացքում  տեսանք, թե  քանի հոգի մասնակցեցին արտակարգ դրության հաստատմանը։  Այսինքն՝ գրեթե ողջ Ազգային Ժողովը ինչպես 2020-ին, այնպես էլ 2008-ին  կիսեց պատասխանատվությունը երկրի գործող ղեկավարի հետ։ Տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ 2008-ին որոշումը հաստատած ԱԺ  պատգամավորները չկան 2018-ին հարուցված «Սահմանադրական կարգը տապալելու» մեջ մեղադրվողների թվում։  «Մեղքը»  բարդվեց միայն երկրորդ նախագահի վրա, որովհետև նա  էր մեղավոր նշանակված 2008-ի չստացված հեղաշրջման համար։ Իսկ նա պատասխանատվությունից չփախավ ո՛չ 2008-ին, երբ ըստ էության գրեթե ավարտել էր իր պաշտոնավարումը, և ո՛չ էլ 2018-ի ամռանը՝ երբ կարող էր չներկայանալ հարցաքննության և ապաստան խնդրել  իրեն բարձր գնահատող որևէ հզոր երկրում։
Բայց Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվությունից փախչող չէ, ինչպես օրինակ դատավոր Աննա Դանիբեկյանը։ 

Մարտի 17-ին նշանակված  դատական նիստը չկայացավ՝ տիկին դատավորի վատառողջության պատճառով։ Մինչդեռ նախատեսված էր, որ  այս նիստում անձնական  երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից  ազատելու միջնորդություն էին ներկայցնելու ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և  ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նրանք ևս պատասխանատվությունից փախչող տեսակ չեն  անկախ այն բանից՝ իշխանության ղեկին են, թե ոչ։ Ինչևէ, հետաձգվեց «ջուր» գործով ևս մեկ նիստ։ Իսկ մարդը տարուց ավել ապօրինի կալանքի տակ է․․․ Մամուլում տեղեկություններ կան, որ ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում արդեն պատրաստ են Ռ․Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքները։ Ստացվում է՝  հարցի լուծումը գցում են եվրոպական կառույցնե՞րի վրա։

Սակայն կան հարցեր, որոնք ինքներս պետք է լուծենք մեր պետության ներսում, ինչպես որ հիմա հայտարարված արտակարգ դրության պայմաններում միասնաբար պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ։  Որքան էլ խոսվի ազգաբնակչության գիտակից մոտեցման և արտակարգ դրության պահանջներին  ենթարկվելու մասին, այնուամենայիվ գլխավոր պատասխանատուն կառավարությունն է։  Հասել է նրանց քննության պահը։ Կյանքը  հնարավորություն տվեց Հայաստանի երիտասարդ կառավարիչներին երկու տարի լիուլի վայելել իշխանական վայելքները, իսկ հիմա կանգնեցրեց  իշխանության մյուս երեսի՝ անձնական հսկայական  պատասխանատվություն  ցուցաբերելու պահանջի առաջ։ Աստված տա, մեկ ամիսը բավարար լինի իրավիճակից դուրս գալու համար և կառավարությունը կարողանա պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ անկախ յուրաքանչյուրիս տեսակետից՝ սա է մեր տունը, սա է մեր կյանքը։

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ