17 03 2020

Արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է․ Նարեկ Սամսոնյան

Արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է․ Նարեկ Սամսոնյան

Իշխանությունների՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու նպատակն ընդդիմադիր ուժերին լռեցնել է, որն իսկապես ստացվել է իշխանությունների մոտ, քանի որ ընդդիմադիր ուժերը փորձելու են այս ընթացքում պասիվ լինել, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով հայտարարված արտակարգ դրության և իշխանության գործելաոճի մասին:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարաբնույթ ստեր է ասել և փորձում է ցույց տալ, որ ընդդիմությունը պետությանը վնաս է տալիս: «Մենք պետությանը երբեք վնաս չենք հասցրել և չենք հասցնելու, բայց պետությանը վնաս են հասցրել նրանք, ովքեր թույլ են տվել, որ այս դասալիքները պետության ղեկին գան: Պետություն այսօր չկա, պետությունը քայլող Նիկոլ Փաշինյանն է, և հիմա մեր խնդիրը այս պետությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելն է: Պետության հերը անիծված է, ինձ մոտ բարոյախրատական դասեր տալ պետք չէ, չկա պետություն, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի»,- ասաց նա:

«Վերցրեք ու նայեք երեկվա Կառավարության նիստը: Ես գետինն էի մտնում, որ այդ մանկապարտեզը արտակարգ դրություն հայտարարելու համար ստորակետ էր քննարկում: Եկե՛ք ծիծաղելի իրավիճակում չհայտնվենք՝ ասելով, թե օգնում ենք պետությանը, դուք այս պետությանը չեք կարող օգնել»,- շեշտեց Սամսոնյանը: Վերջինիս խոսքով՝ ոչ ոք չպետք է Նիկոլ Փաշինյանին օգնի, որովհետև միևնույն է, նա շնորհակալ չի լինելու և մեղադրելու է քաղաքացիներին:

«Ես չեմ պատրաստվում օգնել, չեմ կարող օգնել կամ խանգարել այս մանկապարտեզին: Եթե ուզում եք մեր երկրին օգնել, ապա օր առաջ մտածեք, թե ինչպես արտակարգ իրավիճակից հետո այս պետությունն ազատել Նիկոլ Փաշինյանից: Հասկանո՞ւմ եք, մենք այնպիսի մարդու հետ գործ ունենք, որն ասում է՝ ճգնաժամը «ճգնել» բառից է, ուրեմն մենք պետք է ճգնենք: Այս աստիճանի անճար են նրանք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ