ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր պաշտոնական էջում գրել է․
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:
Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:
Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:
Առողջություն բոլորիս ընտանիքներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը