«Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արևիկ Պետրոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախում սպասվող ընտրությունների հետ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ
Որպես քաղաքական ուժի ղեկավար և Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի և հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ինչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ինչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների և ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաև ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:
Պարոն Փաշինյան
Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ և կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը