04 03 2020

Ծրարով փող են ստացել նախարարներ, որոնք այսօր պատգամավոր են. Փաշինյան

Ծրարով փող են ստացել նախարարներ, որոնք այսօր պատգամավոր են. Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետին դիմեց՝ ասելով․

«Պարոն վարչապետ, դուք բազմիցս նշել եք, որ նախկին կառավարության օրոք նախարարները ծրարներով աշխատավարձ են ստացել. հիմա ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարներով փող ստացել է թե ոչ։ Եթե ինքը չի ստացել, կարո՞ղ է ինքը տեսել է, թե ով է ստացել, կամ ունի տեղեկություն, թե ովքեր են ստացել»,-ասաց նա՝ կրկնելով իր կուսակից Մանե Թանդիլյանի հարցը:

Վարչապետը պատասխանեց․ «Այնպես չի, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած մարդկանց շրջանակի մասին: Այդպիսի տեղեկություններ կան նաեւ նախկին նախարարների մասին, որոնք այսօր ԱԺ պատգամավոր են: Ես այդ մարդկանց էլ չեմ կանչել ու հարցրել՝ դա ճիշտ է, թե ոչ: Որովհետեւ կան իրավապահ մարմիններ: Հիմա ես այս ամբիոնից ասե՞մ՝ էդ ինչ օպերատիվ տեղեկություն է, ում մասին է եւ ինչ կարգի վճարման մասին է խոսքը: Որքանո՞վ դա ճիշտ կլինի»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա շատ է խոսվում, որ կառավարությունը պետք է լինի թափանցիկ. «Կառավարությունն էլ ասում է, որ մենք կլինենք 100 տոկոս թափանցիկ, բայց լրատվամիջոցներն էլ պետք է լինեն թափանցիկ, ՀԿ-ներն էլ պետք է լինեն թափանցիկ: Ասում են՝ էդ ո՞նց։ Հենց տենց: Իսկ ո՞վ ասաց, որ այդ հարցը պետք է վերաբերվի միայն նրանց, որոնք հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ: Դա վերաբերում է նաեւ նրանց, որոնք հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ, ու հիմա կառավարության անդամ չեն: Իրենց էլ է վերաբերում, իրենց մասին էլ օպերատիվ բնույթի տեղեկություններ կան»:

Էդմոն Մարուքյանը համաձայնեց, որ կառավարությունը, ընդդիմությունը կուսակցությունները, ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ. «Բայց հարցն այ է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարով փող ստանար, պետք է ձեզնից ստանար: Եթե նախկին իշխանության նախարարները ծրարով փող ստանային, պետք է Սերժ Սարգսյանից ստանային»,-ասաց նա:

Վարչապետը պատասխանեց. «Իսկ ով ասաց, որ ես պետք է տայի էդ փողը«»: Նա կոչ արեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին այդ ծրարով փող ստանալու մասին հարցը տալ հենց այն նախարարներին, որոնք նախկինում աշխատել են. «Որովհետեւ եթե ես հիմա ասեմ՝ այո, ես իրենց հարցրել եմ, ասելու եք՝ բա ի՞նչ ասեց: Հարգելի ԼՀԿ-ի ներկայացուցիչներ, հարց տվեք այդ նախարարներին, ինձնից ի՞նչ եք ուզում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ