Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին երկու նշանակում է արել իր վարչապետական կաբինետում, ըստ որում երկուսն էլ իգական սեռի ներակայցուցիչներ և երկու նորանշանակ կադրերն էլ անձամբ կսպասարկեն իրեն:
Այսօրվանից վարչապետի օգնական դարձած Աննա Վարդապետյանը մի քանի ամիս է՝ գործազրկության մեջ էր, հեղափոխությունից հետո Փաշինյանը նրան նշանակել էր Արդարադատության փոխնախարար, սակայն աղջիկը հարկադրաբար լքեց պաշտոնը՝ ըստ մամուլի՝ Գլխավոր դատախազությունում քննվող ինչ-որ գործի հետ հոր առնչության պատճառով: YerevanToday-ին հասած տվյալներով Աննա Վարդապետյանի վերադարձը՝ գործադիրի կազմ այս անգամ ապահովել է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրան այդ հարցով դիմել է Սուրեն Քրմոյանը, որին նույն Արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատեցին հեղափոխականները, սակայն ինչ-ինչ կապերով նա կարողացավ համալրել Տիգրան Ավինյանի կաբինետը և նորերի թիմում հաստատվեց՝ որպես փոխվարչապետի խորհրդական:
Առավել ուշագրավը, սակայն երկու ամիս անխոսնակ մնացած վարչապետի նոր ընտրությունն էր և այն ավանդական ԽԾԲ կապերը/խնամի, ծանոթ, բարեկամ/, որից իբր խորշում է այս իշխանությունը , արի ու տես, որ ամեն նշանակման պահին փաստացի հենց այդ հանգամանքով երաշխավորված կադրի վրա է կանգ առնում:
Մանե Գևորգյանը, պարզվում է, պատահական մեկը չէ և այն կադրային ռեզերվից չէ, որը ձևավորվել էր հեղափոխության օրերին՝ վարչապետի կոչին հետևած հազարավոր CV ների շնորհիվ:
Սիվիլնեթից Կառավարություն տեղափոխված ակտիվիստը փաստորեն այսքան լուրջ պաշտոնի նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի անմիջական ջանքերով: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա ոչ պաշոտնական կինն է, կամ մտերմուհին, որի հետ պարբերաբար Էդուարդ Աղաջանյանը ներկայանում է պաշտոնական միջոցառումներին: Ավելին, Մանեն նաև Էդուարդ Աղաջանյանի երկու տեղակալների ամենամտերիմ ընկերուհին է համարվում՝ Լիաննա Ղալթախչյանի և Ծովինար Սողոմոնյանի հետ ակտիվ շփումներն սկսվել են ԱՄՆ-ից, միասին Ֆլեթչերում են սովորել:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արմեն Խաչատրյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ով է առաջարկել Մանե Գևորգյանի թեկնածությունը, ինչ կապով է հայտնվել նա վարչապետի խոսնակի պաշտոնում և ընդհանրապես ում վրա էր դրված վարչապետի նոր խոսնակի ընտրության հարցը:
Իսկ Էդուարդ Աղաջանյանի հետ Մանեի ամուսնական կամ արտաամուսնական կապի մասով նախընտրեց չմեկնաբանել՝ ընդգծելով , որ դա ինտիմ հարց է.
«Անձնական հարաբերությունների և կապերի մասին տեղեկատվությունը չեմ կարող մեկնաբանել, կներեք»:
Այդուհանդերձ, Մանեի ֆեյսբուքյան էջի գրառումներից դատողություններ անելով կարելի է պնդել, որ Մանեն բացի հակաօրինական կոչերով ակտիվիստ լինելուց նաև Էդուարդ Աղաջանյանի համար ոչ ֆորմալ աշխատել է դեռ մեկ տարի առաջ՝ տնից: Գրառումներից պարզ է դառնում , որ ենթադրաբար այն ինչ չի կարողացել անել Էդուարդ Աղաջանյանը՝ համակարգում, դրա մոտիվացիան փորձ է արել ստեղծել Մանեն՝ սոցցանցում:
Ակնառու օրինակ էր հատկապես 30-ից ավելի սևեռված գրառումները՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի դեմ, աղջիկը ինտենսիվորեն նրա պաշտոնանկությունն է պահանջել, անընդհատ կռիվ է տվել Շաբոյանի շողքի հետ, բայց ասում են ՝ Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ դեմ առ դեմ պատահաբար հանդիպել են՝ ասելիք չի ունեցել, գլխահակ հեռացել է Մանեն:
Մանեի նշանակման արձագանքներում սակայն ուշագրավ էր ոչ այնքան լրագրողական համայնքի տարակուսանքը, որ չեն ճանաչում իրենց հետ վարչապետի կապը միջնորդող անձին, որքան ԼԳԲՏ-ների համայնքի վառ ներկայացուցիչ, «սորոսական» Լառա Ահարոնյանի բուռն ոգևորությունը՝ այս նշանակման փաստին:
Նույն ջերմությամբ էր արձագանքել Մանեի նշանակմանը՝ վարչապետի նախկին խորհրդական, նույնպես «սորոսական» Արսեն Խառատյանը, իսկ ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ անծանոթի խոսնակ դառնալուց անասելի խանդավառված են հենց սորոսականները: Որովհետև ի դեմս նրա՝ պետական կառավարման համակարգի ևս մի «կլյուչեվոյ» պաշտոն վարչապետը հանձնեց Ջորջ Սորոսին:
Նշենք որ, Սիվիլնեթը կադրեր է գործուղել նաև Հանրային հեռուստատեսություն, և նախկինների վրա դոսյեներ բացելու ու ըստ այդմ ՝ գլխավոր դատախազին հանձնարարականներ իջեցնելու առաքելությունը հենց այս լրագրողական խմբի գործառույթն է դարձել:
Վերադառնալով վարչապետի նորանշանակ խոսնակի գործառույթին՝ նշենք, որ Մանե Գևորգյանը կսպասարկի հատկապես միջազգային լրատվականների հետ աշխատանքը, այսպես է որոշել վարչապետը՝ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ: Ըստ նրա՝ փնտրվում է պրոֆեսիոնալ ևս մեկը, ով ի վիճակի կլինի հարթել նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետո տեղական լրատվականների հետ հարաբերությունները, և նորմալ աշխատել տեղի լրագրողների հետ՝ առանց ավելորդ լարվածություններ ստեղծելու:
Իսկ այսպիսի մեծ ճոխության՝ մեկ վարչապետ երկու խոսնակներով, որոշվել է գնալ ի հաշիվ Կառավարությունում տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնի, այս հաստիքի համար մրցույթն հայտարարված է արդեն, սակայն իրականում ներքին կարգով ձեռնտու թեկնածու է փնտրվում:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը