Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Կովսականի, Միջնավանի, Իշխանաձորի եւ Ծաղկաբերդի ընտրողների հետ։ Ինչպես ամենուր, այստեղ էլ մարդկանց հետաքրքրող խնդիրների թվում առավելապես սոցիալական ապահովության հարցերն էին։ Ինչպես նշեց Վ. Բալասանյանը, հատկանշական է, որ իր թիմը լուրջ ուշադրություն է դարձրել արցախցուն անհանգստացնող այդ խնդիրներին եւ նախընտրական ծրագրում հանգամանորեն անդրադարձել է դրանց լուծմանը։«Ջուրը կյանք է: Եվ նա, ով չի ապահովելու իր երկրի քաղաքացու՝ ջրից օգտվելու իրավունքը, իրավունք չունի հավակնել երկրի առաջնորդի պաշտոնին»,- ընտրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի նախագահի թեկնածու Բալասանյանը։
Արցախի շատ համայնքներում այսօր չկան ջրագծեր, ինչն ուղղակիորեն անդրադառնում է մեր տարածքների զարգացման վրա։ Բալասանյանի խոսքով, սրա հիմնական պատճառներից մեկն էլ կոռուպցիան է՝ իր բոլոր դրսեւորումներով։ Ուստի ինքն առաջին հերթին պայքարելու է պետական ունեցվածքի հափշտակության դեմ։ «Մենք պետք է առաջնահերթ լուծենք բոլոր տարրական կենցաղային նշանակություն ունեցող հարցերը, որոնք մանրուքից կարող են վերածվել աղետի: 21-րդ դարում մարդը նվազագույն կենցաղային պայմանների խնդիր չպետք է ունենա։ Ամոթ է, մեզ չի սազում»,- ընդգծեց Բալասանյանը:
Գյուղացու կենսամակարդակի բարելավման կարեւոր ուղղություններից մեկն էլ գյուղմթերքի իրացման ու վերամշակման պայմանների ապահովումն է։«Գիտեմ, որ այս տարի խնդիր է եղել գյուղմթերքի արտահանման առումով: Ճանապարհների ահավոր վատ վիճակը հանգեցրել է նրան, որ տոննաներով ձմերուկը դեն եք նետել. աճեցրիք- աճեցրիք, ստիպված դեն նետեցիք, սա ուղղակի անհանդուրժելի է»,- ասաց նախագահի թեկնածուն: Այդ պատճառով իր թիմը խնդիրների համալիր լուծման ծրագրեր է մշակել։ Նախատեսվում են ճանապարհաշինական եւ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ ծրագիր, որը հնարավորություն կտա երկրում բերքի վերամշակման միջոցով լուծել արտահանման ծախսերի նվազեցման հարցը. «300 տոննա ձմերուկի վերամշակման արդյունքում ընդամենը 30 տոննա չիր արտահանելու խնդիրն ավելի հեշտ լուծվող է և ավելի եկամտաբեր»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը