Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվության ծառայությունից
Վարչապետը ողջունել է նրա այցը Երեւան ու եւս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում եւ հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետեւողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման եւ ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը