26 02 2020

«Հիբրիդային» պատերազմը սա է, որին դիմակայելու ունակ չեք․ Արման Սաղաթելյան

«Հիբրիդային» պատերազմը սա է, որին դիմակայելու ունակ չեք․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է:

Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:

Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք:

 Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը:

Իսկ Ադրբեջանը պատմությունը խմբագրելու, դեպքերն իրեն ձեռնտու ձևով միջազգային հանրության ներկայացնելու փորձեր արել է միշտ, բայց ի տարբերություն այսօրվա, ստացել է համարժեք պատասխան: Ընդ որում, օտարալեզու մամուլում հրապարակվելիք նյութերն ու միջոցառումերի պլանը կազմված է եղել շատ ամիսներ առաջ: Իսկ հիմա անգամ պոստ ֆակտում համարժեք պատասխան տալու ռեսուրս չունի այս իշխանությունը, քանի որ ատելության ողջ պոտենցիալը կենտրոնացրել է երկրի ներսում՝ այդպես էլ չհասկանալով, որ թշնամին Հայաստանի սահմանից այն կողմ է, իսկ պատերազմը առնվազն տեղեկատվական դաշտում երբեք չի ավարտվել:

Հ.Գ. Անկարող մեծամիտներին հուշում՝ «խուճապ» չեմ տարածում, մտահոգությունս եմ արտահայտում, որ ձեր ամբարտավանության ու մտավոր իմպոտենտության արդյունքում շուրջ մեկ տասնամյակ արված աշխատանքը ջուրն եք գցում ու թույլ եք տալիս թշնամուն դիրքային առավելության հասնել միջազգային ասպարեզում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ