22 02 2020

Ովքե՞ր են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորները

Ովքե՞ր են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորները

Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանը, քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը:

«Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը»,-ասաց Րաֆֆի Փիրումյանը: Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:

Նա տեղեկացրեց, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:   

Իրանում փետրվարի 21-ին մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն էր, որից 30 միլիոնը տղամարդիկ էին, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն էր: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 11-րդ գումարման Մեջլիսի ընտրություններն, ընդհանուր առմամբ, հանգիստ են անցել, իրավապահ մարմինները լուրջ միջադեպերի մասին չեն հայտնել: Նշվում է, որ ընտրատեղամասերը նախատեսված էր փակել տեղական ժամանակով 18:00-ին, սակայն որոշ տեղերում պատկան մարմինները ստիպված են եղել երկարաձգել՝ կուտակումների, հերթերի պատճառով:

Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ