Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:
Խոսվել է նաեւ նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը