Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև թոք-շոուն և դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։
Նախ՝ արձանագրենք իրողությունը
Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը` անկախ արդյունքից, միևնույն է, դա անելու էին։
Ադրբեջանի մեդիա տարածքը և հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիևի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանն այս օրերին ապրում է դրանով։
Հայկական մեդիադաշտում հայտնվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից և, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։ Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, և հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։
Իրականում որտեղ է խնդիրը
Իրականում ճակատագրական որևէ ձախողում չի եղել, և պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիևը նույնպես ոչնչով չփայլեց և թողնում էր գավառական մտածողությամբ և, ամենակարևորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել և հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։
Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք և, հետևաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս և այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա՛ մասին է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրն առաջ տանել։
Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր և որդի Ալիևները տասը և ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված և միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ... հիմա Քոչարյանն անազատության մեջ է։
Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձևաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար։ Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել և համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիևին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։
Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը