Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ, Երեկ, 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունհեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:
Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել: Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որը անընդունելի է Արցախի Հանրապետության համար:
Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ պաշտոնապես մերժվել է: Իլհամ Ալիևը, Մյունհենում կայացած քննարկման ընթացքում, ցույց տվեց, որ Ադրբեջանը, 23 տարի անց էլ, դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետև դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է:
Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում և այլն։ Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին: Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում:
Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և Սովետական միության փլուզման զուգընթաց և համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն: Սա է իրողությունը:
Արցախի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ մոտեցում անընդունելի է և ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք: Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում, Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը