Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է․
«Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է: Անցած շաբաթվանից սկսած, որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի անունը` ինչ-որ քրեական գործերի հետ առնչութունների մասին կեղծ լուրեր տարածելով:Նախօրեին երեկոյան էստաֆետը ստանձնեց 168.am կայքը մի քանի տողանոց հիմնազուրկ մի հրապարակմամբ, իսկ որոշ այլ կայքեր արագորեն տարածեցին այդ նոր բամբասանքը այն մասին, թե իբր Հայկ Սարգսյանը «ԿԱՐՈՂ Է ԱՌՆՉՎԵԼ վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ»:
Արդեն հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը ՈՐԵՎԷ քրեական գործում ՈՐԵՎԷ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որեւէ հիմք չի պարունակում եւ ըստ էության անձի արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ է:
Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ, դա որեւէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել: «Իմ քայլը» քաղաքական մեծ թիմի անդամների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվող տեղեկատվական հարձակումների քաղաքական նպատակը բավական թափանցիկ է, այնուհանդերձ, դա պատիվ չի բերում բամբասանքը տարածող լրատվամիջոցներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը