«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին։ Մասնավորապես, նա գրել է, որ «հպարտների» քանակը կտրուկ նվազել է, ուստի Փաշինյանը դիմում է Հայաստանը հեռվից սիրողների օգնությանը:
«Ուշագրավ է, որ արդեն շատերը խոսում են այն մասին, թե արդյոք Փաշինյանը կգնա՞ ընտրակեղծիքների, թե՞ չի գնա։ Եթե կեղծի, ապա կմարսի՞, թե՞ չի մարսի։ Շրջանառվում է նաև հանրաքվեից հրաժարվելու տարբերակը։ Այսինքն՝ վախենալու և հետ քաշվելու տարբերակը։
Անհրաժեշտ թիվ ստանալու ընտրազանգվածային ռեսուրս իշխանությունը չունի։ Մնում է կեղծիքը։ Եթե «էս գլխից» ապրիլի 5-ի հաղթանակին նվիրված բանաստեղծություն է գրվում, ապա դա նշանակում է, որ վարչական ապարատին հրապարակավ ցուցում է տրվում կեղծել ընտրություններ և ձայներ ապահովել։
Ինքն էլ է հասկանում, որ 650 հազարի չափով «այո» քվե «խփելն» առանց կեղծիքի հնարավոր չէ։ Հատկապես, որ «հպարտների» քանակը կտրուկ նվազել է։ Դա է պատճառը, որ Փաշինյանը դիմում է Հայաստանը հեռվից սիրողների օգնությանը։ Դա է նաև պատճառը, որ համայնքապետերին արդեն քանակային պլաններ են իջեցվում։
Ուստի, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես «ոչ» կասի մեկ դերասանի թատրոնին ու մեր երկիրը տնամերձ բոստանի վերածելու հանրաքվեին (բոյկոտելով կամ «ոչ» քվեարկելով), պետք է հանրաքվեն դարձնել մեկնակետ՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը