Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը գրում է․
«Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։ Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը… Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով։
Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ»։
Կադաստրի կոմիտեի նախկին պետը նշել է. «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։
Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս «զրպարտելու» համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը