06 02 2020

ԵԽԽՎ-ն մեկ անգամ ևս խրախուսում է ՀՀ իշխանությանը դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ-ն մեկ անգամ ևս խրախուսում է  ՀՀ իշխանությանը դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։Համանախագահների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Հայաստանի Սահմանադրությանը օրենքի նախագծերի համապատասխանությունը ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու պահանջը ստուգելու: Ի լրումն այլ բաների, սա կփոխի ինքնին Սահմանադրության փոփոխության կարգը: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունը, որի նպատակն է, ըստ երևույթին, դադարեցնել Սահմանադրական դատարանի ներկայիս անդամներից մի քանիսի պաշտոնավարման ժամկետները՝ անհապաղ ուժի մեջ մտնելու սկզբունքով, քննարկման է ներկայացվել»,- ասել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով մոնիթորինգ իրականացնող համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):

«Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկված փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առումով բարձրացված որոշ հարցեր՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցով փորձագիտական մարմնի կարծիքն ստանալու նպատակով: Կարծում ենք, որ այդ կարծիքը, որը հնարավոր կլիներ արագ ընդունել անհապաղ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների, եթե հանրաքվե անցկացվի»,– ասվում է հայտարարությունում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ