06 02 2020

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Հայաստանի խորհրդարանը որոշեց արտահերթ նիստ անցկացնել փետրվարի 6-ին, որպեսզի քննարկի մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` օրենսդրության նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու պահանջը: Ի թիվս այլի, սա ինքնին կփոխի Սահմանադրության վերանայման կարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը, կարծես թե, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների ժամկետները»։

Համազեկուցողները նշում են, որ այս թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:

«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել  Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-նշվում է հայտարարության  մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ