ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ՝ հայտարարելով, իբրև Բաքվի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարվում, և համագործակցությունը դադարեցնելու որոշումը կապված է դրա հետ անհամաձայնությամբ:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը։ Հայտարարությունում ադրբեջանական կողմը ԵԽԽՎ-ին մեղադրել է «Հայաստանին պատասխանատվության չենթարկելու» և Ադրբեջանին «անհիմն մեղադրելու», «շովինիզմի», «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։
«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս»,- նշել է ադրբեջանական կողմը։
«ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում»,- հայտարարել է Ադրբեջանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը