06 02 2020

Սա ճանապարհ է դեպի ձախողում․ նախկին իմքայլականը քննադատում է իշխանությանը

Սա ճանապարհ է դեպի ձախողում․ նախկին իմքայլականը քննադատում է իշխանությանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմաստը ո՞րն էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին նեղացնելու ու հեշտ ու հանգիստ համակարգից բաց թողնելու, եթե էն գլխից էլ պարզ էր, որ մարդը ճշգրիտ նկարագրում է քաղաքաշինության ոլորտում ստեղծված իրավիճակն ու դրա պատասխանատուներին: Ինչը և ապացուցվեց այդ կոմիտեի ղեկավարի այսօրվա ձերբակալության փաստով:

Իմաստը ո՞րն էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նեղացնելու ու հեշտ ու հանգիստ համակարգից բաց թողնելու, եթե շատ չանցած հենց իր ասածով էլ վարվելու էին:

Առհասարակ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ ցանկացած դրական փոփոխության շարժիչը պարկեշտ, պրոֆեսիոնալ, սեփական արժեհամակարգն ու պատկերացումներն ունեցող անհատներն են, այլ ոչ հլու-հնազանդ միջակությունները: Եվ որ հետևաբար այդպիսի մարդկանց աչքի լույսի նման պետք է փայփայել, որևէ պաշտոնում վերադասի կամ գործընկերոջ հետ անհամատեղելի խնդիրների դեպքում` փոխատեղումներ կատարել, այլ տարբերակներ փնտրել, բայց ոչ երբեք անմիջապես հաշտվել նրանց հեռացման հետ, ինչին որ անընդհատ ականատես ենք լինում հեղափոխությունից հետո:

Բոլորս էլ գիտենք, որ լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», գրեթե բոլոր ոլորտներում և հատկապես` պետական ու իրավապահ մարմիններում մասնագետների իրական սով է: Մեկ լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է շաբաթների, երբեմն նույնիսկ ամիսների գործ լինել, կամ էլ` առհասարակ անհնարին առաքելություն:

Բացի վերը նշված երկու պաշտոնյաներից ինձ համար խիստ ցավոտ են եղել նաև մի շարք փոխնախարարների հրաժարականները կամ ազատումները: Հատկապես որ նրանք ոչ միայն այլ պետական պաշտոնի դրանից հետո չեն անցել, այլև ինձ հասած տեղեկություններով, նույնիսկ սկսել են մտորել արտագաղթի մասին:

Չկարևորել, մատների արանքով նայել կադրային քաղաքականությանը, ուշադրության չարժանացնել թիմակիցների անհանգստություններն ու մտահոգությունները` այդպիսով նրանց մոտ առաջացնելով անտեսված ու ճնշված հոգեվիճակ, նշանակում է ճանապարհ հարթել դեպի ձախողում: Ամեն ինչ այդքան տագնապալի չէր թվա, եթե կառավարող թիմի հնարավոր ձախողումը միայն իրենը լիներ, այլ ոչ մեր ամբողջ ժողովրդինը: Հետևաբար, օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները:

Հ. Գ. Խնդրում եմ ասվածը չտարածել իմ անձի վրա և առհասարակ երևակայական տեսություններ չերկնել սույն գրառման թաքնված շահադիտական մտադրությունների մասին: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով և որևէ այլ տեղ, քան ՏՏ-ն է, ինձ չեմ պատկերացնում: Գոնե` առայժմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ