03 02 2020

Պետք է սպասել է՛լ ավելի կոշտ արձագանքների․ Էլինար Վարդանյան

Պետք է սպասել է՛լ ավելի կոշտ արձագանքների․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է․

«Այլեւս առանց տողատակերի

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռեւս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որեւէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:

Հիմա արդեն հանձնաժողովի նախագահը բաց տեքստով շեշտում է, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա։

Առանձին պարբերությամբ Բուքիքիոն ընդգծում է, որ վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին եւ չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:

Այս հայտարարությանը իշխանությունները կարող են արձագանքել ճիշտ այնպես, ինչպես արձագանքեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի հայտարարությանը կամ ԵԽԽՎ համազեկուցողների՝ նախորդ շաբաթվա մտահոգությանը՝ դիմելով տարբեր մանիպուլյացիաների, ձեւացնելով, թե հայտարարությունը բոլորովին այլ կոնտեքստ ունի, «մոռանալով» հանրությանը ներկայացնել այդ տեքստերի՝ առավել անցանկալի դրույթները, սակայն դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվում։ Սա այն դեպքն է, երբ փաստն ավելի կարեւոր է, քան մեկնաբանման նրբությունները։

Միջազգային տարբեր կառույցների կողմից հնարավոր արձագանքի մասին մենք վաղուց էինք ահազանգել։ Հետեւություններ չանելու դեպքում պետք է սպասել հաջորդող՝ է՛լ ավելի կոշտ արձագանքների։

Վենետիկի հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված անդրադառնում է ժողովրդավարական մշակույթին եւ հասունությանը։ Սա ավելի քան խոսուն փաստ է։ Մեզ ուղղորդում են դեպի ինստիտուցիոնալ զսպվածության, պետական ինստիտուտների միջեւ բարեխղճության եւ փոխադարձ հարգանքի հասունության անհրաժեշտության:

Մենք իսկապես այդ զսպվածության անհրաժեշտությունն ունենք, որպեսզի խուսափենք այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը։

Որպես սկիզբ՝ կառաջարկեի բոլոր պատգամավորներին, հատկապես՝ իշխանական, փորձել Ջաննի Բուքիքիոյի տեքստը կարդալ՝ դուրս գալով իրենց խմբակցության մթնոլորտից, փորձել լինել իրոք օբյեկտիվ ու ընկալել գործընթացներն այն լրջությամբ ու հասունությամբ, որի մասին խոսում է միջազգային իրավական այս կարեւորագույն կառույցի ղեկավարը։ Այստեղ Հայաստանի միջազգային վարկի ու մեր պետության ընկալման մասին է արդեն խոսքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ