ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։ Ժամանակին Գևորգը համարում էր, որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։ Մարդ, որը դեռևս 2018թ.ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։ Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։ Գնդակը Նիկոլի դաշտում է։
Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը