31 01 2020

ՍԴ նախագահը կապ չունի նշված անշարժ գույքի հետ․ սեփականատերեր․ Tert.am

ՍԴ նախագահը կապ չունի նշված անշարժ գույքի հետ․ սեփականատերեր․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»–ի թողարկման ընթացքում հունվարի 29-ին եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ։ Սրան հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի հայտարարությունը.

««Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է»։

Ռեպորտաժում ներկայացված տվյալները, ըստ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանի, խեղաթյուրված են։

Այսպես․ըստ Առաջին ալիքի ռեպորտաժի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2 դրվագի․

Առաջին դրվագը վերաբերում է Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքի հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանը, երկրորդ դրվագը՝ Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքը Նոտարական պալատի կողմից վարձակալության հարցին։

Ըստ առաջադրված մեղադրանքի առաջին դրվագի՝ քրեական գործով նշված Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքի հասցեում գտնվող տարածքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և հրապարակային աճուրդի ժամանակ օտարվել է վերջինիս կողմից։ Բաց աճուրդի արդյունքում՝ նշված գույքը 47 մլն 500 հազար դրամ գումարով ձեռք է բերել Էդուարդ Այվազյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գույքը ձեռք է բերել իր դրամական միջոցներով և դրա ձեռքբերման հետ Հրայր Թովմասյանը չունի որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն, ավելին՝ նշված գույքի ձեռք բերման համար ինքը որևէ հանդիպում չի ունեցել Հրայր Թովմասյանի հետ․ «ՍԴ նախագահի հետ շփվել եմ միայն «Գլաձոր» համալսարանում ուսումնառության տարիներին, իսկ վերջին շրջանում Հ․ Թովմասյանի հետ որևէ շփում չեմ ունեցել»։

Էդուարդ Այվազյանը մեզ հետ զրույցում տարակուսեց, թե ինչպես նշված տարածքը կարող է վերագրվել Հրայր Թովմասյանին։ Նա նշեց, որ սույն քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Ոստիկանությունում, ապա՝ Քննչական կոմիտեում։

Նշենք, որ, ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, Բաղրամյան պողոտայի առաջին փակուղի 14 շենքի 162 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի երեք նոտարներ՝ Էմմա Շաբոյանը, Ալվարդ Մելքոնյանը և Նունե Սարգսյանը դիմել են դատարան՝ պահանջելով ճանաչել նշված գույքի նկատմամբ իրենց անհատույց օգտագործման իրավունքը։

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը պահանջել և հարկադրել է նշված նոտարներին հետ վերցնել իրենց հայցադիմումները։

Համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ալվարդ Մելքոնյանը, ի տարբերություն Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի, հետ չի վերցրել ներկայացված հայցադիմումը, սակայն հետագայում պարտվել է Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Դատարանը հաստատել, որ նշված նոտարները չունեին նշված տարածքն անհատույց օգտագործելու իրավունք։

Այս հարցի առնչությամբ մենք զրուցեցինք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, ով տարակուսեց, թե ինչ փաստերով է հնարավոր ապացուցել Հրայր Թովմասյանի առնչությունը սույն գործի հետ, եթե Թովմասյանը չի շփվել նշված 3 նոտարների հետ․

«Այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը չի շփվել նշված 3 նոտարների հետ, ենթադրում է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անձամբ չէր կարող հարկադրել նշված նոտարներին կատարել կամ չկատարել որոշակի գործողություններ։ Հետևաբար նշված հարկադրանքը կարող էր կատարվել բացառապես միջնորդների միջոցով։ Իսկ Նորայր Փանոսյանը, ով, ըստ նշված մեղադրանքի, իբր ստիպել է նոտարներին հրաժարվել ներկայացված հայցադիմումներից, հրաժարվել է սույն քրեական գործի շրջանակում ցուցմունք տալ, ուստի՝ քրեական գործում պարզապես չի կարող լինել որևէ ուղղակի կամ անուղղակի փաստական տվյալ, ըստ որի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարող էր թույլ տալ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Այսպիսով, ՀՔԾ–ի այն մտավարժանքը, ըստ որի պարոն Թովմասյանը թույլ է տվել լիազորությունների չարաշահում, մտացածին է և որևէ աղերս չունի իրականության հետ»։

Հատկանշանական է, որ քրեական գործի շրջանակում աճուրդի կազմակերպման ընթացակարգի հետ կապված քաղաքապետարանի որևէ աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել։

Սահմանադրական դատարանի նախագահի մասին Առաջին ալիքի ռեպորտաժում ներկայացված մեղադրանքի երկրորդ դրվագի համաձայն՝ Հրայր Թովմասյանն է Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը։ Սակայն ՌԴ Ալթայի երկրամասում բնակվող գործարար Ռուբիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում հերքեց սա՝ նշելով, որ ինքն է հանդիսանում Ալեք Մանուկյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքի միակ և փաստացի սեփականատերը, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որևէ առնչություն չունի նշված տարածքի հետ։

Ռուբիկ Ղազարյանը նաև նշեց, որ տարածքը դեռևս 2004-2005 թթ․ ձեռք է բերել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանից, որի ֆինանսական խնդիրների պատճառով նշված տարածքը միայն 2009 թ․ մարտի 26-ին է իրավաբանորեն գրանցվել իր անունով։

Հարցին, թե, ըստ անշարժ գույքի օտարման պայմանագրի, նշված տարածքը նա ձեռք է բերել ոչ թե Մելիք Գասպարյանից, այլ Վոլոդյա Մարտիրոսյանից, Ռուբիկ Ղազարյանը նշեց՝ ունեցած ֆինանսական խնդիրների և հնարավոր սնանկությունից խուսափելու պատճառով՝ Մելիք Գասպարյանն իր կառուցած շենքի առանձին գույքային միավորներ գրանցել էր տարբեր անձանց անունով, որոնց շարքում էր Վոլոդյա Մարտիրոսյանը։

«2009 թ․ կնքված գործարքն ունեցել է միայն մեկ նպատակ՝ իրավաբանորեն ձևակերպել իմ և ԱԺ նախկին պատգամավորի միջև դեռևս 2004-2005 թթ․ կնքված պայմանագիրը։ Նշեմ, որ վարձակալությունից գոյացած գումարը տնօրինել եմ միայն ես, իսկ 2004 թ․ ձեռք բերած գույքը գնել եմ ՌԴ-ում իմ վաստակած գումարներով։ Ի դեպ, նշված գործի վերաբերյալ արդեն իսկ իմ սեփական նախաձեռնությամբ հարցաքննվել եմ ՀՔԾ–ում»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց Ռ․ Ղազարյանը։

Ի դեպ, 2009 թ․ գործարքից հետո Ռուբիկ Ղազարյանը նշված տարածքը տրամադրել է վարձակալության ֆիզիկական և իրավաբանական տարբեր անձանց՝ իր կողմից լիազորված անձանց, մասնավորապես՝ Վահագն Գրիգորյանի և Արտակ Հովհաննիսյանի միջոցով։

Մենք կապ հաստատեցինք նաև Ռուբիկ Ղազարյանի լիազորված անձ Վահագն Գրիգորյանի հետ, ով ևս հաստատեց, որ այդ տարածքի միակ սեփականատերը Ռուբիկ Ղազարյանն է և նշված տարածքը վարձակալության հանձնելիս ինքը երբևէ չի առնչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

Սրանով ուղղակիորեն հերքվում է այն պնդումը, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նշված հարցի առնչությամբ մենք կապ հաստատեցինք նաև Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ, ով նշեց, որ Հրայր Թովմասյանը 2009 թ․ հանդիսացել է միջազգային կազմակերպության աշխատակից և որևէ առնչություն չի ունեցել պետական ծառայության հետ․ «Սա նշանակում է, որ 2009 թ․ ընթացքում կամ դրան նախորդող 9 ամիսների ընթացքում որևէ պետական պաշտոն չզբաղեցնող Հրայր Թովմասյանը չէր կարող ունենալ իրեն պատկանող որևէ անշարժ գույք այլ անձի անունով գրանցելու շահագրգռվածություն, այն էլ կնոջ՝ ՌԴ–ում ապրող ազգականների անունով»։

Ըստ մեր աղբյուրների՝ քրեական գործով միակ ցուցմունքը, որի համաձայն Նոտարական պալատի նկատմամբ եղել է ճնշում, որի հետևանքով Նոտարական պալատը հարկադրված է եղել որպես գրասենյակ վարձակալել Ռուբիկ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքը, տրվել է Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանի կողմից, որը, ըստ մամուլում հրապարակված տվյալների, ներգրավված է եղել կոռուպցիոն բնույթի մի քանի քրեական գործերում, որոնց շարքում առանձնանում է Արամի փողոցի վրա գտնվող նորակառույց շենքի բնակարանները երեքից ավելի անգամներ տարբեր գնորդներին օտարելու վերաբերյալ գործարքների կնքումը, ինչի արդյունքում տուժել էին 400-ից ավելի քաղաքացիներ:

Ավելին՝ Ա․ Մելքոնյանը մինչև իր լիազորությունների ավարտը, ստացված կարգապահական տույժերի համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ազատվել էր նոտարի պաշտոնից։

«Եթե հաշվի առնենք, որ Ա․ Մելքոնյանի կատարած չարաշահումները բացահայտվել են Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում և նա նոտարական ծառայությունից հեռացվել Հրայր Թովմասյանի միջնորդությամբ, ապա պարզ է Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ցուցմունք տալու նրա մոտիվացիան, այն է՝ ցանկացած եղանակով վրեժխնդիր լինել»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ