Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ղեկավարի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հանդիսանում է համանախագահող երեք երկրներից մեկը։
Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ և կազմակերպվել Մնացականյան–Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ։
Ի դեպ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ժամեր տևած բանակցությունը, որին հայկական կողմը համառորեն տալիս է «հանդիպում» ձևակերպումը, կայանում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ հակամարտության հետ կապված սեղանին որևէ փաստաթուղթ դրված չէ։ Ստացվում է, որ Մնացականյանը միջնորդների ներկայությամբ 7 ժամ շարունակ զրուցել է ոչնչի մասին։
Փաստորեն, Փաշինյանին չհաջողվեց Ղարաբաղին նստեցնել բանակցային սեղանի շուրջը, բայց փոխարենը նրան հաջողվեց ապահովել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնությունը։
Ադրբեջանական դիվանագիտությունը, օգտվելով Փաշինյանի էկլեկտիկ ու պոպուլիստական քայլերից, նույն հարության մեջ է դնում Ղարաբաղը և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»։
Հ.Գ.։ Եթե «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպեր ՌԴ դեսպանը, ապա Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը, որը թաքնված է «ծովից ծով Հայաստան» պահանջողների, արևմտամետիստների, «քաղաքացիականների», «բնապահպանների» և ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի դեմ հանդես եկող մյուս սուբյեկտների դիմակի տակ, տիեզերական աղմուկն կբարձրացնեին, թե բա, հարա՜յ, հասե՜ք, Ռուսաստանը հարվածում է Հայաստանին ու դավաճանում։
Հակառուսական հիստերիան կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու է։ Հա՛մ պատվիրատուն է գոհ մնում, հա՛մ կատարողը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը