ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանակն այն վիճակում է, որ ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել։
«Բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել, նոր սպառազինություն ձեռք չբերել, կսխալվի։ Բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանալու է»,-նշեց նա։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանն այն մասին, որ 80-ականների զենքերի էջը փակված է, Մովսես Հակոբյանն ասաց․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերն են»։
«Մենք պետք է ազնիվ լինենք և գնահատենք 2016 թվականից հետո ինչ սպառազինություն է ձեռք բերվել․ հայկական բանակի համար արդիական, նոր սպառազինություններ, դրանից առաջ չպետք է մոռանանք սկսած երբ Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, ինչ սպառազինություններ է ձեռք բերվել և ինչ ունենք Հայոց բանակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը