Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին:
«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.
1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:
Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»,- ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը