22 01 2020

Արայիկ Հարությունյանը քննադատությունների է ենթարկվել մամուլում. «Մեդիա պաշտպան»

Արայիկ Հարությունյանը քննադատությունների է ենթարկվել մամուլում. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հունվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 209 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 6-ը՝ դրական, 143-ը՝ չեզոք։

Արայիկ Հարությունյանը քննադատությունների է ենթարկվել մամուլում։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, անդրադառնալով «Արմաթ» տեխնոլոգիական խմբերի շուրջ ստեղծված իրավիճակին ասել է. «Նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության ցանկությունն է: Գործարքի մեջ է «Թումոյի» հետ: Մի անգամ արդեն եվրոպական 23 մլն դոլարը մսխել են և հիմա իրենց ավելի ձեռնտու է իրենց գործընկերոջ հետ աշխատել: ԵՄ-ն պետությանը 23 մլն եվրո գումար էր տվել դպրոցական ինժեներական կրթության համար և այդ 23 մլն եվրոյից 12.5 մլն-ը նախարարության համաձայնությամբ տրվել էր «Թումոյին»՝ նոր շենք կառուցելու համար: Պատկերացնո՞ւմ եք, կրթության փող են տալիս և մասնավոր կազմակերպության 12.5 մլն եվրո ես տալիս, ասում ես՝ շենք սարքի: Սա աբսուրդ է, որտե՞ղ է պետական մարմնի շահագրգռվածությունը եղել»։

Նշվում է, որ ԱԱԾ-ն մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը: Լրատվականներում հարց է առաջացել, ինչո՞ւ է այսպիսի որոշում կայացվել։

Մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել: Լուրերի համաձայն` ներքին լուրջ դժգոհություններ են առաջացրել ԿԳՄՍՆ-ի կողմից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողությունները։ Ըստ որոշ լուրերի՝ դպրոցի տնօրենի ապագա ընտրությունների հաշվով նա նպատակներ ունի։ Լրատվականի զրուցակիցներից մեկն ասել է. «Այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ