2020 թ. հունվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 171 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 10-ը՝ դրական, 194-ը՝ չեզոք։Մշտադիտարկվող ժամանակահատվածում Արսեն Թորոսյանին վերաբերող բազմաթիվ բացասական հոդվածներ են դիտարկվել։Արսեն Թորոսյանի շուրջ քննադատությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախարարը ցանկանում է որոշ մարզային ծննդատներ լուծարել։
Վերլուծություններից մեկում ասված է. «Սա արդեն ազդակ էր, որ ծննդատունը բարեկարգելու ու զարգացնելու հեռանկար չկա, այն ուզում են փակել, եւ դրան ակնհայտորեն կողմ է նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է: Թե որտեղ եւ ինչպես են ծննդօգնություն ստանալու Մասիսի տարածաշրջանի մոտ 30 գյուղերի հղիները, դա արդեն թավշա իշխանավորների խնդիրը չէ: Հավանաբար, մայրանալ ցանկացող երիտասարդ կանայք կվերադառնան հին ավանդական՝ տատմերների «ինստիտուտին»…Ըստ հրապարակումների, շարունակվում են խնդիրները Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» դաշինքի միջև։
Նշվում է, որ Արսեն Թորոսյանին «Իմ քայլը»-ի պատգամավորներն ավելի կոշտ են քննադատում, քան նախկին իշխանության ներկայացուցիչները։«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ծննդատների շուրջ ձևավորված աղմուկին, ասել է, որ իրեն մեկ բան է հետաքրքրում՝ նախարար Արսեն Թորոսյանն իր որոշումները կայացնելիս, առավել եւս նման կարևորություն ունեցող ընդգրկուն որոշումները, ճշտե՞լ է արդյոք Կառավարության իր գործընկերների եւ ղեկավարի հետ: Ըստ պատգամավորի, իր մոտ տպավորություն է, որ նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված։Ըստ մամուլի հրապարակումների, Կառավարությունը հավանության չարժանացրեց Արսեն Թորոսյանի մարզային ծննդատների ֆինանասավորումը դադարեցնելու նախագիծը։Ըստ մեկ այլ վերլուծականի, յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի առջև հստակ հանձնարարական է դրված՝ բյուջեն լցնելու վերաբերյալ և դրանով է պայմանավորված մարզային ծննդատների փակելու Արսեն Թորոսյանի ծրագիրը։
Ըստ մամուլի հրապարակումներից մեկի, Թորոսյանին ոգևորել են որոշումը կայացնելու հարցում, հետո մենակ են թողել՝ ցույց տալով, որ նա լուրջ որոշումներ կայացնելու ունակ չէ։Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ տարօրինակ է համարել, որ նախարարությունը փորձում է ֆինանսական խնդիրները լուծել հիվանդանոցներ փակելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը