18 01 2020

ՀՀ և Արցախի պատգամավորների հայտարարությունը՝ Բաքվում հայերի ջարդի մասին

ՀՀ և Արցախի պատգամավորների հայտարարությունը՝ Բաքվում հայերի ջարդի մասին

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորները համատեղ նիստում հայտարարություն ընդունեցին, որով դատապարտեցին 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերը:

Հունվարի 18-ին հայտարարությունը միաձայն ընդունվեց ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ավարտին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «1990թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր: Թալանի եւ բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը, որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում, արդյունք է դեռեւս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի, եւ հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված, եւ ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով, կենսական վտանգի արդյունքում Բաքվի եւ Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:

Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի, Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործունեությունները, նենգափոխում իրողությունները եւ խուսափում պատասխանատվությունից:

Ընգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը եւ դրա համատեքստում իրականացված այս եւ այլ հանցագործությունները, Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական Զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության եւ գերեվարված զինծառայողների նկատմամբ, հայկական մշակութային ժառանգության հետեւողական վերացումը, ինչպես նաեւ Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերին եւ նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն:

Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայում, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Ռասակայան խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայում, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաեւ ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը սույն թվականի հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, եւ բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը եւ արդիականությունը: Դատապարտում է ադրբեջանական հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը: Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում: Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ ընդգծում է, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն գրավականն է:

Կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար, գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ:

Վերահաստատում է, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման եւ դրանց զոհերին ու իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ