Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցավոք, ոչ միայն ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, այլ նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) փաստում են, որ Հայաստանի բնակչությունը գնալով շարունակում է նվազել: 2019 թ. ամփոփ տվյալներով, ըստ ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույց – 2020»-ի, Հայաստանի բնակչությունը բնակչություն/արտագաղթող մարդկանց թվաքանակ համամասնությամբ հայտնվել է աշխարհի ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած 20 երկրների շարքում` 18-րդ տեղում:
Ընդհանրապես, ցանկացած երկրի որևէ իշխանությանը պետք է ոչ թե սիրել կամ ատել, այլ պետք է գնահատել նրա արդյունավետությունը հետևյալ չորս առանցքային` ռացիոնալ չափանիշով:
1. Արտաքին անվտանգություն – որքանով է խաղաղությունն ավելի երաշխավորված և սահմաններն ավելի պաշտպանված:
2. Ներքին անվտանգություն – որքանով է քաղաքացին իրեն ավելի անվտանգ զգում, իսկ հանցագործությունները ավելի արդյունավետորեն կանխվում ու բացահայտվում:
3. Բարեկեցություն – որքանով է մարդն ավելի լավ ապրում (human development index):
4. Ժողովրդագրություն – ինչպիսին է տվյալ երկրի բնակչության թվի դինամիկան:
Իշխանությունը պիտի ոչ թե ամենօրյա ռեժիմով հասարակությանը մոլորեցնող կեղծ վիճակագրական տվյալներ հրապարակի ու արտերկրի երրորդական լրագրերում ներքին սպառման համար, մեծ փողեր ծախսելով, քարոզչական հոդվածներ պատվիրի, այլ օր ու գիշեր աշխատի, որպեսզի մարդը` Հայաստանի քաղաքացին, այս չորս ուղղություններով սեփական մաշկի վրա ռեալ փոփոխություններ զգա: Եթե մարդը սկսի ավելի լավ ապրել ներքին ու արտաքին ավելի անվտանգ միջավայրում, իսկ երկրի բնակչության թիվն էլ աճի, ապա ոչ մի մոլորեցնող վիճակագրության կամ քարոզչական հոդվածների կարիքը չի լինի: Եթե դա չկա, մոլորեցնող վիճակագրությունն ու քարոզչությունը մնում են հասարակությանը թմրեցնելու զույգ դեղահաբերը:
Հ.Գ. Ինչպես 2018 թ., այնպես էլ 2019 թ. Հայաստանի բնակչությունը, ցավոք, նվազել է: Արտագաղթը չի դադարում: Ընդհակառակը, խորացման միտումներ ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հայրենադարձությու՜ն, կախարդական փայտի՜կ ու էլի լիքը նման բաներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը