Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Armtimes.com–ի այսօրվա հոդվածին։ Նա գրում է․
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:Պատիվ ունեմ:
Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:
Մարիամ Փաշինյանն ավելի վաղ գրել էր․
«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում։Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները: Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր: Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը