ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ընթացքում, որում իր հայտարարություններն է արել և հեռացել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Թրամփը հայտնել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ։
«Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։Իրանը տարիներ շարունակ աջակցել է ահաբեկչությանը։ Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել ամերիկյան ռազմաբազաների պայթյունների հետևանքով, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերը շատ լավ են աշխատել:
Անդրադառնալով սպանված գեներալ Սուլեյմանիին՝ Թրամփը ասել է, որ նա ահաբեկիչ էր։«Նա ահաբեկիչների բանակ էր վարժեցնում, այդ թվում և «Հեզբոլլահը»: Նա վիրավորել և սպանել է հազարավոր ամերիկացի զինվորականների»,- ասել է ԱՄՆ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը