panorama.am-ը գրում է.
«2018 թվականի հայկական «Մարտեր առանց կանոնների 1» ռեալիթի-շոուն ամբողջովին կրում էր փողոցային բնույթ, ինչը կարելի էր վերագրել «հեղափոխություն» անող զանգվածների հուզախռով խանդավառությանը։ Ենթադրվում էր, որ 2019-ին՝ հատուկ խաղահրապարակ տեղափոխվելուն պես (կառավարություն, ազգային ժողով, մարզպետ-նախարարներ և այլն) կպահպանվեին առնվազն վարվելակարգային կանոնները։ Ավա՜ղ․․․ փողոցային լեզվամտածողությունն ու փոխհարաբերման ձևերը տեղափոխվեցին պետական կառույցներ։ Ավելին՝ «Մարտեր առանց կանոնների 2»-ում անխղճորեն կիրառվեցին իշխանական բոլոր լծակները, այդպիսով ցանկացած մրցակցություն վերածելով գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելու միակողմանի իրավունքի։
Եվ ունեցանք իրավական կամայականությունների ու քաղաքական հալածանքների տարի, հերոսազրկումների ու վարկաբեկումների տարի, համատարած ստի ու ապակողմնորոշումների տարի, սեփականության վերաբախշման և բյուջետային անհասկանալի մսխումների տարի,ազգային արժեքները սորոսականների տնօրինմանը հանձնելու տարի, բռնապետական քմհաճույքների տարի, սեփականից բացի այլ կարծիք ֆիզիկապես չհանդուժելու տարի, պառակտվածության տարի․․․ մի խոսքով՝ դեգրադացիայի տարի։
Բայց մեծ հաշվով՝ նաև անհրաժեշտ տարի այն առումով, որ ճահճանալու վտանգի առաջ հայտնված մեր երկրին այդպիսի ցնցում պետք էր։ Պետք էր Հայաստանին այս տարին՝ Սովետական Միության փլուզումից հետո վերացած հին, և առ այսօր չձևավորված նոր արժեհամակարգի 30-ամյա փնտրտուքներում ինչ-որ հանգրվանի հասնելու առումով։ Պետք էր հետագա առաջնահերթությունները դասակարգելու համար։
Դեռևս լիովին ավարտուն չի պատկերը , քանի որ տիղմն ու կեղտը դեռ չեն նստել հատակին, այդուհանդերձ այսօր արդեն ակներև է, որ հաջորդ իշխանությունները պարտավորված կլինեն խստագույնս համապատասխանել մի քանի պահանջների ։ Կարևորագույնը՝ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի ղեկավարների օտարի դրածո լինելու հանգամանքի հետ կապված։ Այս սև-սպիտակ 2019-ը ցույց տվեց, թե ինչ խորքային վնասներ կարող են հասցնել պետությանը Սորոսի գրանտակերները, բանակից փախած դասալիքները, աղանդավորները, անազգ-անսեռ –անհայրենիք գլոբալիստները։
Բնականաբար, նրանք մեկ-երկու օրում չհայտնվեցին։ Տարիներով էին նախապատրաստվել իրենց աստեղային ժամին, որպեսզի նախարարական ու փոխնախարարական պորտֆելներով հարամեն հայկական մշակույթը, կրթությունը, եկեղեցին ու բանակը։ Սակայն, հասարակության տարբեր հատվածների կոշտ դիմադրությունն ապազգային նորամուծությունների նկատմամբ՝ իր հերթին ցույց տվեց, որ Անկախության տարիներին ամրության բավականին պաշար ենք կուտակել և այնքան էլ հեշտ պատառ չենք։
Իսկ 2019-ի սկզբի համեմատությամբ տարեվերջին բազմապատիկ անգամ սթափված մարդկանց քանակն իր հերթին մատնանաշում է, որ չիրականացրած հեղափոխական խոստումների հաշվետվությունը դաժան է լինելու։ Եվ վերջապես, բոլորը՝ պատվիրատուներից մինչև կատարողներ, ստիպված են լինելու հիմնավորել «թավշյա» բրենդ դարձած յուրաքանչյուր ձերբակալում-կալանավորման օրինականությունը․․․ իսկ դրան այսօր կասկածում են նույնիսկ մեկ տարի առաջվա մոլի նիկոլականները։
Օրենք-օինականության հետ ձեռնածությունները գրեթե երբեք անհետևանք չեն անցնում, հատկապես երբ դրանք կարկատված և հարմարեցված են լինում պահի քաղաքական նպատակահարմարություններին։ Հենց այսօր՝ դեկտեմբերի 27-ին ականատես եղանք 6-7 ամիս ՍԴ դեմ թափ առած արշավի գագաթնակետին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ մեղադրանք առաջադրելու տեսքով։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի, ում սուրբ պարտականությունը Սահմանադրության երաշխավոր լինելն էր, թուլակամության հետևանքով՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագիծը ստորագրվեց և զարգացման նոր փուլ մտավ, իսկ քննիչները անմիջապես գործի անցան՝ ձեռքի տակ ունենալով պատրաստի մեղադրանքներ։ Հարցաքննությունից հետո ՍԴ նախագահը հայտարարեց, որ և՛ իր, և՛ ՍԴ մյուս դատավորների դիրքորոշումներում փոփոխություններ չկան, և հավատարիմ մնալով դատավորի իրենց երդմանը՝ պահպանելու են ՀՀ Սահմանադրության պահանջները։
ՍԴ դեմ գործի դրված մեթոդները լիովին տեղավորվում են «Մարտեր առանց կանոնների 2»-ի տրամաբանության մեջ, որը ողջ տարվա ընթացքում կիրառվել է ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու սևեռման դեպքում։ Եվ ինչի՞ հասան այդ մոլուցքով տարվածներ։ Հասան նրան, որ 2019-ի Տարվա մարդ կարող ենք համարել Ռոբերտ Քոչարյանին, ով ի հեճուկս իր դեմ ծավալված արշավի՝ ոչ միայն չանվանարկվեց, այլև առիթ ունեցավ վերջապես հերքելու և բացահայտելու իր անվան շուրջ հյուսված քարոզչական միֆերը։
Բանտախցից նա ավելի շատ խոսեց ժողովրդի հետ, քան իր ղեկավարման տասը տարիներին, երբ գլխովին խրված երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու գործում՝ խոսելու ժամանակ պարզապես չուներ։ Բայց երևի ինքն էլ զգում էր, որ շատ հարցերում նաև իր չխոսելը նպաստեց հակաքոչարյանական քարոզի «հաջողությանը»։ Գուցե նաև դա էր չորս տարի առաջ սկսված «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը գրելու պատաճառներից մեկը՝ բացեիբաց հայտնել որևէ որոշման կամ արարքի դրդապատճառներն ու հիմնավորումները։ Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահ Քոչարյանի գիրքը հրատարակվեց իր բանտում եղած ժամանակ․․․ և գիրքն իր փոխարեն խոսեց։ Այնուհետև խոսեց նաև ինքը՝ դատական նիստերում, բանտային հարցազրույցներում, երկու կարճատև ազատությունների ընթացքում։
Արդյունքում՝ այսօր միայն արտաքուստ է Փաշինյանը հաղթողի դիրքում․ Քոչարյանը մեկուսարանում ավելի ազատ ու հաղթանակած է։ Որովհետև որքան էլ պարադոսալ հնչի՝ հենց իր անազատությունը առիթ դարձավ ազատվելու մի մեծ բեռից՝ կիսվելու մարդկանց հետ անկաշկանդ, առանց կոշտ ու խստաբարո ղեկավարի կարգավիճակից բխող պայմանականությունների։
Իսկ իր սևեռման մեջ սուզված Փաշինյանն ինքը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց 2019-ի Հայաստանի դեմքը, ում շուրջն էին պտտվում իրավապահ մարմինները, մեդիա դաշտը, ռուսական ու եվրոպական կառույցները, դատավորներն ու եվրադատարանները։ Հիմա ով ի՞նչ շահեց, ով ի՞նչ կորցրեց։
Առանց կանոնների մարտերում ոչ ոքի հաղթանակն ի սկզբանե երաշխավորված չէ․․․ վկա 2019 թվականը։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը