«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով։
Վարչապետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ով համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր է պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոններ։ «Մասնավոր օգուտի համար հանրային պաշտոնի օգտագործման անթույլատրելիության» համընդհանուր ստանդարտի ներքո ուղղակիորեն արգելվում է պաշտոնատար անձանց կողմից հանրային պաշտոնի կամ տիտղոսի կամ հանրային պաշտոնի հետ ասսոցացված հեղինակության օգտագործումը որևէ ընկերության, ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացման կամ որակի հաստատման համար:
Մինչդեռ, սույն թվականի նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և իր կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։
Հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան գնահատական կտա հանրային պաշտոն զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի այս գործունեությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը